«Elevator»-ը՝ շահամիտող ու ոգեշնչող. երկօրյա աշխատաժողովը համախմբել է 8 բուհերի ուսանողների

Դիտումների քանակ՝ 1247

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, մարտի 10-11-ին  իրականացրել է «Let’s get higher» կարգախոսով «Elevator» միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Մասնակցել են հայաստանյան  8 բուհերի 100 ուսանողներ, որոնք ընտրվել են մրցույթով: Աշխատաժողովում նրանք հնարավորություն են ստացել բացահայտել աշխատաշուկայի պահանջները, գործնական գիտելիքները լրացրել տարբեր ոլորտների մասնագետների օգնությամբ: Ուսումնագիտական միջոցառման  նպատակն է եղել ոգեշնչել ուսանողներին, մղել նրանց նոր ձեռքբերումների ու բարձունքների:

«Elevator»-ի մեկնարկն ազդարարել է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ողջունելով և հաջողություն մաղթելով մասնակիցներին: Քննարկվել են արդիական թեմաներ, կազմակերպվել են խաղ-մրցույթներ:

Առաջին բանախոսությունը՝ «Ապագան՝ երիտասարդների ձեռքում» խորագրով, վարել է ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը: Նա ընդգծել է երիտասարդների  դերը հասարակության զարգացման գործում, հորդորել լինել նպատակասլաց, աշխատասեր: Հաջորդիվ «Տասը մեկին» թեմայով ելույթ է ունեցել Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն, հոգեբան Դավիթ Հայրապետյանը: Նա անդրադարձել է  հաղորդակցման տեսությանը, ֆրեյմայի էֆֆեկտին և ներկայացուցչական հմտություններին՝ պարզաբանելով, թե ինչպես կարելի է հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնել:

Բանախոսությունների շարքը շարունակել է հոգեբան, թրեյներ Հրաչյա Ամիրյանը: «Ինչպե՞ս կերտել սեփական եսը» թեմայով ելույթում նա ուսանողներին ուղղորդել է ինքնաճանաչման, հորդորել ճիշտ կառավարել բնավորության թույլ և ուժեղ կողմերը, շարունակաբար ինքնազարգանալ:

Աշխատաժողովի առաջին օրն ամփոփվել է  թիմային խաղով, մասնակիցները հանրահայտ «Johari window» սիմուլյացիոն խաղի օգնությամբ բացահայտել են  իրենց բնավորության գծերը, այնուհետև առաջադրել  են իրենց թեկնածուին՝ որպես «Elevator» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն:

Երկրորդ  աշխատանքային օրվա մեկնարկը տվել է  «The LOFT» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը՝ խոսելով ժամանակի արդյունավետ տնօրինման հարցերի շուրջ:

Աշխատաժողովն առանձնացել է նոր ձևաչափով. փոքրիկ բանախոսություններով՝ այսպես կոչված  «Elevator speech»-ով, հանդես են եկել աշխատաժողովի մասնակիցները: «Ազատ ժամանակի տնօրինում», «Զրույց ոչնչի և ամեն ինչի մասին», «Ինքնակրթությունը` որպես հաջողության հիմք», «Ծրագրավորի'ր ուղեղդ հաջողության համար» և այլ խորագրերով ինքնատիպ ելույթներում ուսանողները հասակակիցներին հորդորել են  ոգեշնվել մարդկանց ձեռքբերումներով ու հաջողություններով,  զարգանալ, ինքնակրթվել: Ելույթներով հանդես եկած մասնակիցները ստացել են  միավորներ, որոնք գումարվել են  աշխատաժողովի ողջ ընթացքում կուտակած միավորներին, ապա  ընդհանուր արդյունքով ընտրվել են 3 լավագույններն ու  արժանացել հատուկ մրցանակների։

Հոգեբան-սեմինարավար Սեդա Վարդանյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր-տնօրեն Սուրեն Ալոյանը եզրափակել են սեմինարների շարքը: Նրանք խոսել են համապատասխանաբար «Արդյունավետ հաղորդակցումը` որպես ժամանակի պահանջ» և «Գիտելիքից մինչև հաջողություն» թեմաների շուրջ: Սեդա Վարդանյանը մասնակիցներին օգնել է հասկանալ՝ ինչպես հաջողության հասնել միջանձնային հարաբերություններում, իսկ Սուրեն Ալոյանի ելույթի գլխավոր հաղորդագրությունն այն է եղել, որ պետք է կարողանալ ոչ միայն գիտելիք կուտակել, այլև այն իրացնել, ծառայեցնել հօգուտ որևէ բանի:

Աշխատաժողովի ավարտին ամփոփվել են «Թիմային վիդեո-հոլովակներ» և «Ինքնատիպ ու կրեատիվ լուսանկարներ» մրցույթների արդյունքները: «Լավագույն նկար» անվանակարգում հաղթել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժորա Ստեփանյանը, իսկ լավագույն վիդեո-հոլովակը ներկայացրած թիմի մասնակիցները ստացել են  5-ական միավոր, որոնք գումարվել են աշխատաժողովի ընթացքում վաստակած միավորներին: Արդյունքում առավելագույն միավորներ են հավաքել ուսանողուհիներ Անահիտ Մխիթարյանը, Լուսինե Առաքելյանը և Թամար Ղազարյանը: Որպես մրցանակ նրանք ստացել են պլանշետներ:

Հավաստագրեր են հանձնվել բոլոր մասնակիցներին:

Լուսանկարները՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին