ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի սեպտեմբերմեկյան շնորհավորանքը
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, մեր համալսարանի ռեկտորը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական խոսք է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Սիրելի առաջին կուրսեցինե՛ր, ուսանողներ, գործընկերներ, ծնողներ,
այսօր դիմավորում ենք ուսումնական մի նոր տարեսկիզբ, գիտելիք, իմացություն ու կրթություն խորհրդանշող հիշարժան մեկ օր ևս ամրագրում բոլորիս կանքում: Մեզ չի կարող չոգևորել այս տոնը, քանզի նրանով յուրաքանչյուր տարի համալսարանները և դպրոցները վերսկսում են իրենց գործունեությունը, կրկին ու կրկին վերաիմաստավորում գիտելիքի ու կրթության հավերժական արժեքը, գիտելիքով զինված ու կրթված քաղաքացի ունենալը:
Տոն է բոլորիս համար. թե’ համալսարանի ղեկավարության, թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դասախոսների, թե՛ ուսանողների, թե՛ մագիստրանտների:
Հրաշալի առիթ է այսօր մեր գեղատեսիլ բակում մեկտեղված տեսնել ՀՊՏՀ-ականների մի հզոր բանակ և ավելին՝ այդ բանակը համալրող առաջին կուրսեցիների, որոնք հավատով ու սպասումներով ոտք են դրել մեր կրթօջախ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարության անունից բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ, հավաստիացնում, որ մեր համալսարանը գործի է դնելու իր ամբողջ զինանոցը` իրեն վստահող ուսանողին մատուցելու բարձրորակ կրթություն, նրան շրջապատելու ջերմությամբ ու հոգատարությամբ: Հատկապես մեր նորաթուխ ուսանողներին եմ հղում մեր ջերմ ողջույնը և հորդորում եմ նոր մեկնարկող ուսանողական կյանքին վերաբերվել սիրով ու լրջությամբ, այդ անկրկնելի օրերը դարձնել բովանդակալից ու հիշարժան, քանզի տարիները սլանալու են ու տակավին մի քանի տարի անց այս նույն բակում ձեզ հրաժեշտ ենք տալու:
Այսօր մեր համալսարանում ստեղծված են ուսումնական, գիտական, մարզական ու մշակութային լիարժեք առօրյայով ապրելու անհրաժեշտ բոլոր պայմանները, ուսանողների կողքին է բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը՝ բանիմաց ու հմուտ գիտնական-մանկավարժներով, ուսանողական խորհուրդը, աշխատակազմը:
Սիրելի ուսանողնե՛ր, ջանացեք համալսարանական տարիները ծառայեցնել ձեր զարգացմանը, մասնագիտական գիտելիքների ու մտածողության ձևավորմանը և մեր կրթօջախի բարի համբավի շարունակական կերտմանը:
Բարի երթ եմ մաղթում բոլորիդ, ուսումնական, աշխատանքային ու անձնական բազում հաջողություններ:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ