ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հանդիսավորությամբ ընդունեց իր սաներին. քոլեջ այցելեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը
Գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում հանդիսավորությամբ նշանավորվեց: Քոլեջն իր սաներին ընդունեց հուզառատ ու տոնական մթնոլորտում: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը, հյուրեր՝ «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը:
Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով՝ կենդանի նվագակցությամբ: Հանդիսավարը նշեց, որ այս տարի քոլեջում աննախադեպ ընդունելություն է եղել՝ քոլեջն ունի 242 առաջին կուրսեցի: Այս տարին քոլեջի համար նաև հոբելյանական է, լրանում է ֆինանսատնտեսագիտական քոլեջի հիմնադրման 80 տարին: Բացման խոսքում նշվեց, որ այս տարի քոլեջի սաների համար սահմանվել է Անդրանիկ Մարգարյանի անվանական կրթաթոշակ, որը կտրվի լավ սովորող, սոցիալապես անապահով ուսանողի: Միջոցառման մասնակիցները հպարտությամբ, միաժամանակ թախիծով համակվեցին, երբ հանդիսավարն ասաց, որ Արցախյան քառօրյա պատերազմում հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկել են ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ Սարգիս Գալստյանը և Գոռ Կիրակոսյանը: Նշվեց, որ առաջիկայում քոլեջի 2 լսարանները կանվանակոչվեն քաջորդիների անուններով: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին սուրբ նահատակների անմար հիշատակը:
Ելույթի համար խոսքը տրամադրվեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Շնորհավորելով Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ ռեկտորը նշեց, որ հայ ազգի համար կրթությունն ու գիտությունը առանձնահատուկ տեղ ունեն, դրանք բարձր արժեքներ են:
«Գիտելիքը միակ սեփականությունն է, որը ոչ ոք չի կարող խլել ձեզանից, այն ձեզ համար ճանապարհ է հարթելու: Դուք այն սերունդն եք, այն առաջին կուրսեցիները, որոնց բախտ է վիճակվել ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջը»,-ասաց մեր բուհի ղեկավարն ու հավելեց, որ ուսանողական կյանքն այն բացառիկ ժամանակահատվածն է, որը հնարավորություն է տալիս գիտելիք ստանալու, քաղցր ակնթարթներ ապրելու: Կորյուն Աթոյանը կոչ արեց ժամանակը ճիշտ օգտագործել, լավ սովորել և ընդգծեց, որ ՀՊՏՀ ղեկավարությունն անելու է ամեն ինչ՝ քոլեջի սաների ուսումնառությունը ՀՊՏՀ-ում պատշաճ կազմակերպելու համար:
Շնորհավորանքի խոսք ասաց բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ով մեջբերելով ժողովրդական հայտնի «Սովորիր, որ մարդ դառնաս» ասացվածքը՝ ուսանողներին կոչ արեց լավ սովորել՝ լավ մասնագետ դառնալու համար:
Ելույթ ունեցավ «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպության ներկայացուցիչ Արամ Ղուկասյանը՝ նշելով, որ քոլեջի հետ համագործակցություն է ձևավորվում, իրենց ընկերությունը ուսանողներին կտրամադրի մասնագիտական գրականություն, փոխգործակցություն կլինի մի քանի ուղղություններով:
Իրենց շնորհավորանքի խոսքն ասացին քոլեջի շրջանավարտ Կարինան և 1-ին կուրսի ուսանողուհի Մարին: Շրջանավարտը նշեց, որ քոլեջում ստացած գիտելիքների շնորհիվ ինքն այժմ ԵՊՀ ուսանող է, երախտագիտություն հայտնեց քոլեջի դասախոսներին: Կարինան ներկաների համար կատարեց սիրված «Երևանը մենք ենք» երգը և իր գեղեցիկ ձայնով հիացրեց բոլորին:
Ներկաներին շնորհավորեց Տիգրան Նիկողոսյանը՝ կարևորելով օրվա խորհուրդը, համեմատելով այն լույսի, հյուսվող ծաղկավոր գորգի հետ, իսկ այդ լույս սփռողն ու ծաղկավոր գորգ հյուսողը հենց ուսանողներն են՝ մեր ապագան կերտողները:
Քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը մեծ պատվով նշեց, որ քոլեջն արդեն ՀՊՏՀ-ի կազմում է: Տեղեկացնելով, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին, կառավարության որոշմամբ քոլեջը միացել է ՀՊՏՀ-ին, տնօրենը նշեց, որ առաջին իսկ օրվանից ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից մեծ ուշադրություն է հատկացվել քոլեջին (նախաձեռնվել են վերանորոգման աշխատանքներ, համալրվել է դասախոսական կազմը և այլն):
Միջոցառումը եզրափակեց քոլեջի տնօրենի խորհրդական Ռուբեն Առաքելյանը, շնորհավորեց ուսանողներին: Նա հաջողության հասնելու գործում ընդգծեց ինքնակրթության դերը: Ելույթից հետո Ռուբեն Առաքելյանը առաջին կուրսեցիներին ուղղեկցեց լսարաններ: Դասը սկսվեց:
Քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանի փոխանցմամբ՝ քոլեջն ընդհանուր թվով ունի 494 ուսանող:
Շնորհավոր Գիտելիքի օր: Բոլորին մաղթում ենք հաջող ուսումնական տարի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին