Սեպտեմբերմեկյան շնչով. նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարված է
Մեկնարկեց 2016-2017 ուսումնական տարին: Կրկին մեր համալսարանն իր դռները բացեց ուսանողների առջև և դիմավորեց Գիտելիքի տոնն ու ուսումնական տարեսկիզբը: Տնտեսագիտական համալսարանի տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները և, իհարկե, առկա ուսուցման բակալավրիատ ընդունված 900-ից ավելի առաջին կուրսեցիները հավաքվել էին համալսարանի բակում: Մի մասը ծնողների հետ, մյուսներն արդեն համակուրսեցիների hետ ծանոթություն հաստատած հուզմունքով ու թրթիռով սպասում էին ուսանողական կյանքի մեկնարկի ազդարարմանը: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն այդ ընթացքում անակնկալ մատուցեցին առաջինցիներին՝ նրանց նվիրելով համալսարանի պաշտոնական ամսագրի՝ «Տնտեսագետի» համարներ: ՀՊՏՀ ղեկավարությունը, դեկանները, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմը նույնպես հուզված էին ու տոնականորեն տրամադրված. նոր սերնդի կրթության ու դաստիարակության պատասխանատվությունն են կրկին ստանձնում:
Տոնական երաժշտությունն ասես ավելի էր ոգևորում ու խանդավառում ներկաներին:
Իր հայացքն ուսանողներին հառած «Դարձի՛ր մրցունակ» վերտառությամբ նոր պաստառը կոչ ու հորդոր է, միաժամանակ՝ հավաստիացում ու ակնկալիք, որ Տնտեսագիտական համալսարանը ստեղծում է մրցունակության նպաստավոր դաշտ ու հավատում իր սաների հաջողություններին:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ֆակուլտետների նորընծա ուսանողներին շնորհավորեց, ջերմ խոսքեր հղեց և հավաստիացրեց, որ Տնտեսագիտական համալսարանն ապահովում է բարձրորակ կրթություն, ջերմություն ու հոգատարություն, հարմարավետություն ու լուսավոր հավատ ապագայի հանդեպ:
«Այսօր մեր համալսարանում ստեղծված են ուսումնական, գիտական, մարզական ու մշակութային լիարժեք առօրյայով ապրելու անհրաժեշտ բոլոր պայմանները, ուսանողների կողքին է բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը՝ բանիմաց ու հմուտ գիտնական-մանկավարժներով, ուսանողական խորհուրդը, աշխատակազմը: Սիրելի ուսանողնե՛ր, ջանացեք համալսարանական տարիները ծառայեցնել ձեր զարգացմանը, մասնագիտական գիտելիքների ու մտածողության ձևավորմանը և մեր կրթօջախի բարի համբավի շարունակական կերտմանը»,- ասաց Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ ռեկտորի սեպտեմբերմեկյան շնորհավորանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rektori_yeluitner/Rektor_Septemberi_1.pdf:
Այնուհետև դեկաններն առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ: Առաջին դասաժամին նրանց համար ներածական դասախոսություններ կարդացին ամբիոնների վարիչները:
Գիտելիքի օրը տոնական մթնոլորտում դիմավորեցին նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում, այնտեղ առաջին կուրսեցիներին դիմավորեց, ողջունեց և առաջին դասը վարեց դեկան Մանուկ Մովսիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին