Սեպտեմբերի 1-ին ՀՊՏՀ-ն հանդիսավորությամբ կդիմավորի իր ուսանողներին. անհրաժեշտ տեղեկատվությունը և դասացուցակները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)
Հաշված ժամեր են մնացել 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բարենորոգ ու արդիականացված բուհական միջավայրում վաղը կհյուրընկալի իր ուսանողներին:
Ուսումնական տարվան ընդառաջ այժմ ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր հանդիպման է հրավիրել համալսարանի պրոռեկտորներին և դեկաններին, քննարկել նոր ուսումնական տարին բնականոն կազմակերպելու ընթացքին վերաբերող հարցեր, տվել հանձնարարականներ: ՀՊՏՀ գեղատեսիլ բակում տեղադրվել է նոր պաստառ՝ «Դարձի'ր մրցունակ» կարգախոսով:
Ավանդաբար, սեպտեմբերի 1-ին առանձնակի ուշադրություն է հատկացվում 1-ին կուրսեցիներին. հանդիսավոր ու ջերմ մթնոլորտում տնտեսագիտական մայր բուհը բարի գալուստ է ասում իր նորեկներին: Այս տարի էլ, նոր ուսումնական տարվա մեկնարկն ու Գիտելիքի օրը մեր բուհում կազդարարվի սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 9.00-ից, համալսարանի բակում կմեկնարկի ուսանողների հանդիսավոր ընդունելության արարողությունը, որի ժամանակ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ կհղի ուսանողներին:
Սեպտեմբերի 1-ին մեկնարկում են ՀՊՏՀ առկա բակալավրիատի բոլոր կուրսերի և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները: Առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին (մագիստրատուրայի 1-ին կուրս ընդունվածների ցուցակները կհրապարակվեն շուտով): 1-ին հերթում դասերի մեկնարկը առավոտյան ժամը 9.30-ին է (առկա բակալավրիատ): Առկա մագիստրատուրայում դասերը կկազմակերպվեն 2-րդ հերթում՝ ժամը 14.00-ից սկսած:
ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/rectorat/herakai_jamanakacuyc_2016-2017.pdf :
Դասացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.asue.am/am/էջեր-220//դասացուցակ-50:
Նշենք, որ ներկայացված դասացուցակներում հնարավոր են որոշ փոփոխություններ:
1-ին կուրսեցիների ուսման վարձը թույլատրվել է վճարել մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը՝ համաձայն 2016-2017 ուստարում բակալավրիատի առկա վճարովի առանց տարկետման իրավունքով ուսուցման համակարգի 1-ին կուրս ընդունելու համար ուսման վարձը վճարելու թույլտվության մասին ՀՊՏՀ ռեկտորի հրամանի: Հիշեցնենք, որ առաջին կուրսեցիները հրամանագրվում են վարձը վճարելուց հետո:
Ուսման վարձերի գանձման համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործում են հետևյալ դրամային հաշվեհամարները՝
«ԱրարատԲանկ» ԲԲԸ՝ h/h 1510002779480100
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ h/h 11500788434500
Ի գիտություն ուսանողների՝ անհրաժեշտ է վճարման հանձնարարականի նպատակդաշտում մանրամասն լրացնել՝
1.ուսանողի անուն, ազգանուն, հայրանունը
2.ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը :
Բարի գալու'ստ, սիրելի ՀՊՏՀ-ականներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին