«Տնտեսագետի» նոր թողարկումը՝ տարեվերջյան ամփոփում
«Տնտեսագետի» նոր համարն այս անգամ առավելապես իրադարձային է, և տարեվերջը ներկայացված է համալսարանական կարևորագույն գործընթացներով ու ձեռքբերումներով: Ամսագիրն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ շրջանավարտներին ուղերձով: Բակալավրիատում և մագիստրատուրայում ՀՊՏՀ հերթական թողարկումը ներկայացված է ավարտահանդեսով, ամփոփիչ ատեստավորման գործընթացով, շրջանավարտների սրտի խոսքով՝ ուղղված համալսարանին:
Ուսանողական ուսումնագիտական գործունեությունն այս անգամ լուսաբանվում է միջազգային ուսանողական գիտաժողովի համատեքստում, որին, ինչպես ավանդաբար, մասնակցել են ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Մայիսյան հաղթանակների թեման համարում ամբողջանում է մեր քաջարի զինվորների նոր սխրանքներով ու նրանց մասին անդրադարձով: Այս մասին է նաև ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ Զուխրա Երվանդյանի «Դրվագ ապրիլյան մի դասաժամից» ակնարկը:
Տարեվերջյան ժամանակահատվածում նշանակալի էր միջաջազգային գործունեության ոլորտը, և ամեն առանձին ուղղությունը ներկայացված է համապարփակ կերպով: Ընդգրկուն անդրադարձ կա «Էրասմուս+»-ին, «Ֆուլբրայթ»-ին, ՈՒՄԵՖ համալսարանին, ESPAQ ծրագրին:
Տնտեսական նորությունները ու նոր ցուցանիշները՝ աղյուսակների տեսքով, տեղ են գտել դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարում»:
«Մեր շնորհալիները» խորագրի հերոսն է Տարոն Գրիգորյանը՝ պոեզիայի մեծ սիրահար, ասմունքող, քնարական բանաստեղծությունների հեղինակ: Անդրադարձեր կան ՀՊՏՀ գիտական խորհրդի 2 նիստերին, մեր ուսանողների մասնագիտական հաջողություններին, «Ուսանողական գարուն» փառատոնին, որն այս տարի միայն մարզական էր:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանն անդրադառնում է Ամբերդին՝ «հայկական կառուցողական հանճարի ժայռեղեն արտահայտությանը»:
«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին՝ այսքանը: Ովքեր դեռևս արձակուրդում չեն, կարող են ամսագիրն ստանալ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իսկ էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթանալ հետևյալ հղումով:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին