ՀՊՏՀ ՈՒԽ ընդհանուր ժողովի վստահության քվեն՝ Սերգեյ Խառատյանին

Դիտումների քանակ՝ 1596

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավարման մարմնի՝ ընդհանուր ժողովի նիստը, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ: Ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոական կազմի ներկայացուցիչներ, նախկին ու ներկա ուսխորհրդականներ: Նիստը վարում էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ (2000-2003) Աբրամ Բախչագուլյանը: Բացման խոսքից հետո, համաձայն օրակարգի, ամբիոնը տրամադրվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին՝ հաշվետվությամբ ներկայացնելու վերջին երկու տարիների ՈՒԽ գործունեություն ու ձեռքբերումները:

Սերգեյ Խառատյանը խոսեց թիմային այն արդյունավետ աշխատանքի մասին, որն օրեցօր խորհրդի գործունեությունը բոլոր ուղղություններով ծառայեցնում է ուսանողությանը, բուհի հաջողությունների կերտմանը և դուրս է գալիւս համապետական ասպարեզ, ապա ներկաների ուշադրությանը ներկայացվեց տեսաֆիլմ, որն ամփոփեց նշված ժամանակահատվածում ուսանողական խորհրդի գործունեության կարևորագույն ձեռքբերումները:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ իր ուրախությունն ու հպարտությունը հայտնելով խորհրդի ամենօրյա ու ջանադիր աշխատանքի համար, ԿԸՀ քարտուղար, ՈՒԽ նախկին անդամ Արմեն Սմբատյանը՝ շնորհավորելով ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնողականությունը և առաջարկելով ստեղծել «Բարեկամների ակումբ», որը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը՝ նշելով, որ ներկայացված վերջնարդյունքի հետևում լայնածավալ աշխատանք է ու նվիրում, որն արժանի է բարձր գնահատականի:

Ընդհանուր ժողովը հաշվետվությունը հաստատեց և գնահատեց բավարար:

Օրակարգի երկրորդ կետով առաջադրվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածություն, ընտրվեց հաշվիչ հանձնաժողով, որից հետո փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների բացարձակ մեծամասնությամբ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերգեյ Խառատյանը:

Նորընտիր նախագահը պատասխան ելույթում շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ կշարունակի աշխատել նոր եռանդով ու պատասխանատվությամբ, իսկ գալիք տարիների հաշվետվությունները կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդին և նորընտիր նախագահին շնորահավորանքի խոսք հղեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շեշտելով, որ անվիճելի փաստ է, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը լավագույններից է մեր հանրապետությունում և պատվով է իրականացնում ուսանողակենտրոն իր առաքելությունը: Ռեկտորը հորդորեց չբավարարվել ձեռքբերումներով և համատեղ աշխատանքով շարունակել մասնակից դառնալ բուհի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին