Ավարտական վկայականներ են ստացել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտները
Մեր համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 8-ը հիշարժան է եղել. նրանք հանդիսավոր կերպով ստացել են մասնագիտական կրթության ավարտական վկայականները՝ դիպլոմները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը, Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ովքեր հանձնել են դիպլոմները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հետ, ով ներկայացրեց է օրվա գեղեցիկ ակնթարթները:
Բացման խոսքով հանդես է եկել մասնաճյուղի տնօրենը, շնորհավորել և հաջողություն մաղթել շրջանավարտներին: Ելույթ է ունեցել պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ով ուրախությամբ է նկատել, որ այս տարի մեծ թիվ են կազմել գերազանցության (կարմիր) դիպլոմ ստացողները, ինչը ուսման նկատմամբ պատասխանատվության և սիրո դրսևորում է: Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Գրիգոր Նազարյանը, ով նախորդ տարիներին դասախոսել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:
Տնօրեն Սոս Խաչիկյանը միջոցառման մասնակիցներին ոգևորությամբ տեղեկացրել է, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսն արդեն աշխատանք ունի, նրանց մասնագիտությունները պահանջված են: «Մեր շրջանավարտներն աշխատում են պետական և մասնավոր հատվածներում, ունենք, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողներ»,- հպարտորեն արձանագրել է տնօրենը:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտների ավարտական (դիպլոմային) աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները տեղի են ունեցել հենց մասնաճյուղում (նախորդ տարիներին տեղի էին ունենում ՀՊՏՀ-ում, ք.Երևանում):
Մասնաճյուղի շրջանավարտների համար առաջիկայում նախատեսվում է նաև ավարտահանդես՝ համերգային ծրագրի ուղեկցությամբ:
Բարի երթ, մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց ենք մաղթում մեր շրջանավարտներին: Թո'ղ մասնագիտական կրթությունը դառնա բարեկեցիկ ապագայի ամուր երաշխիքը:
Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին