ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից. ՀՊՏՀ է դիմել 1116 դիմորդ՝ 932 տեղի համար
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով 2016-2017 ուսումնական տարվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմում-հայտերի ընդունելության գործընթացը, որը սկիզբ էր առել մայիսի 5-ին, երեկ ավարտվեց: Այսօր ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեր խնդրանքով ներկայացրեց ամփոփ պատկերը. 932 տեղի համար մեր համալսարան է դիմել 1116 դիմորդ:
«Կարող ենք փաստել, որ ըստ հայտագրման արդյունքների՝ մրցույթ կա բոլոր մասնագիտությունների գծով, շարունակում են պահանջված մնալ վերջին տարիներին մեծ մրցույթ ապահոված մասնագիտությունները, իսկ անվճար տեղերի հաշվարկով 1 տեղի համար միջինացված թվով ունենք 17 դիմորդ: Նշեմ նաև, որ ընդհանուր հաշվարկով մեր համալսարանն արտահայտված է ավելի մեծ թվով հայտերում»,- ասաց Մերի Բադալյանը՝ հավելելով, որ հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման և աճող մրցակցության պայմաններում այս տարվա հայտագրման պատկերը կրկին վկայում է մեր համալսարանի բարձր վարկանիշի մասին:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից տեղեկացանք, որ այս պահին հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը: Առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլը՝ անվճար տեղերի հայտագրումը, կտևի մինչև հունիսի 7-ը, հունիսի 8-ից մինչև օգոստոսի 20-ը կընթանա երկրորդ փուլի համար փաստաթղթերի ընդունելությունը:
Մեր զրույցի ավարտին Մերի Բադալյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի ամբողջ կազմին՝ փաստելով, որ հանձնաժողովի նախագահի՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովը կատարում է թիմային արդյունավետ աշխատանք, որի մասին բազմիցս վկայում են դիմորդներն ու նրանց ծնողները:
«Կցանկանայի այս փուլի համար (քանի որ նրանք ավարտեցին իրենց աշխատանքը) առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հանձնաժողովի կազմում ընդգրկված ուսխորհրդականներին՝ ուսանողական շտաբի անդամներին, որոնք հրաշալի աշխատեցին և անմիջականությամբ, բարյացակամությամբ ու սրտացավ վերաբերմունքով եղան դիմորդի կողքին»,-եզրափակեց ՀՊՏՀ հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին