«Չդադարել սովորել, սկսել ու գործել», բանախոսեց հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը
Ամռան մեկնարկը ՀՊՏՀ-ում նշանավորվեց Ռուսաստանի Դաշնության թիվ 1 մարքեթոլոգ Իգոր Մաննի հյուրընկալությամբ: Մարքեթոլոգը մեր համալսարանում է ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, նրան Հայաստան է հրավիրել «Սարաջյան թրեյնինգս» ընկերությունը: Հյուրին ընդունեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Այսօր ՀՊՏՀ դահլիճում Իգոր Մաննը հանդես եկավ «Կյանքի, բիզնեսի, մարքեթինգի մասին 50 դասեր» խորագրով բանախոսությամբ, որին ներկա էին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Մարքեթոլոգի բանախոսությունը ներշնչել էր ուսանողներին և մեծ ոգևորություն առաջացրել: Բանախոսությանը հետևում էին նաև դահլիճից դուրս՝ ուղիղ կապով:
Ռուսաստանցի մարքեթոլոգը ողջունեց ներկաներին և ներկայացրեց կյանքի համար թանկագին խորհուրդներ ու մեկնաբանեց դրանցից յուրաքանչյուրը: «Իմանալ ինչ անել, ինչպես անել, ապա գործել». սկսելով կյանքի դասերը՝ բանախոսը, նախևառաջ, կոչ արեց ուսանողներին լավ սովորել, որովհետև ցանկացած երկրի պետք են լավ մասնագետներ: Իգոր Մանն արժևորեց գրքերի դերը մարդու կյանքում՝ դրանք դիտարկելով որպես գիտելիքի անփոխարինելի աղբյուրներ: Սովորել՝ առանց դադարի. սա մարքեթոլոգի գլխավոր խորհուրդներից էր:
Կարևորելով օտար լեզուների իմացությունը՝ բանախոսը մեջբերեց «Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես» ասույթը, ապա նշեց՝ պետք է կարողանալ բավականություն ստանալ այն աշխատանքից, որը կատարում եք: Շնորհակալություն ասելը ևս արվեստ է, այն մարդուն դարձնում է երջանիկ, մարդկային հարաբերությունները՝ գեղեցիկ:
Կյանքում ոչ պակաս կարևոր դեր ունեն ստեղծարարությունը, ճշտապահությունը, սխալների վրա սովորելու, կանոններով ապրելու կարողությունը. սրանք այն 50 խորհուրդների շարքում էին, որոնք, անշուշտ, իմաստավորում են կյանքը, օգնում կառավարել ժամանակը:
Բիզնեսին առնչվող խորհուրդներին անդրադառնալով՝ մարքեթոլոգը նշեց, որ աշխատանքը երջանկացնում է, ուստի պետք է հնարավորինս լավ կատարել այն աշխատանքը, որը կատարում եք: Այս համատեքստում հաճախ առաջանում է աշխատանքի (բիզնեսի) և ընտանիքի միջև ընտրություն կատարելու խնդիր, բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերը և պետք է կարողանալ հավասարակշռել դրանց ազդեցությունը :
Մարքեթինգում բանախոսը նախ կարևորեց մասնագիտության լավ իմացությունը, մարքեթինգային գիտելիքները շարունակաբար լրացնելը: Եթե սիրում եք գումար աշխատել, պետք է սիրեք ձեր հաճախորդներին, պահպանեք հետադարձ կապը, ունենաք մրցակիցներ. սրանք կարևոր հանգամանքներ են:
Ընդգծելով, որ ի վերջո, մարքեթինգի հիմնական նպատակը վաճառքի ծավալների ավելացումն է, մարքեթոլոգը կարևորեց բիզնեսը ներկայացնելու, գովազդելու ձևը:
«Դուք ապրում եք ինչ-որ բան ստեղծելով, ինչ- որ բան տալով և դա նույնպես գիտություն է, արվեստ է»,- ասաց բանախոսը:
Բանախոսության ավարտին Իգոր Մաննը նշեց, որ ամեն ինչ միշտ կարելի է ավելի լավ անել և կոչ արեց կյանքը դարձնել ավելի լավը:
Ուսանողները մարքեթոլոգին հղեցին իրենց հարցերը և շնորհակալություն հայտնեցին մոտիվացնող և բովանդակալից բանախոսության համար:
Նշենք, որ առաջիկա օրերին Իգոր Մանը դասընթացներ կվարի Հայաստանում, որին կմասնակցեն նաև ՀՊՏՀ ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին