ՀՊՏՀ աշխատակիցը մասնակցել է համաժողովի

Դիտումների քանակ՝ 1244

2016թ. մայիսի 2-ից 5-ը Թբիլիսիում (Վրաստան) Տեմպուսի «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. կառավարիչների պատրաստում» կրթական փոխակերպման իրականացման նպատակով (ՄԱՀԱԹՄԱ) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել համաժողով, որին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մասնակցել է որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մարիա Պետրոսյանը: Միջոցառման առաջին օրվա ընթացքում քննարկվել և ներկայացվել են ծրագրի արդյունքում ստեղծված «Կրթության միջազգային ասոցիացիայի» հիմնադիր փաստաթղթերը, կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ընդհանրացվել և ամփոփվել են մի շարք փաստաթղթեր: Հանդիպմանը հստակեցվել են ծրագրի շրջանակներում նախատեսված հետագա գործողությունները, սահմանվել դրանց պատասխանատուները և վերջնաժամկետները:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացմանը և լուսաբանմանը Վրաստանի այլ ուսումնական հաստատություններից, նախարարություններից և այլ կազմակերպություններից հրավիրված ներկայացուցիչներին:  Ծրագրում ընդգրկված Վրաստանի և Հայաստանի յուրաքանչյուր բուհ, ինչպես նաև ՈԱԱԿ-ը ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում մեկնարկած և/կամ վերանայված մագիստրոսական կրթական ծրագրերի ամփոփ բովանդակությունը, հետագա բարելավումների գործողությունների պլանները:

Տեղեկատվությունը տրամադրել է որակի ապահովման բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին