Ռուսաստանցի փորձագետը՝ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ
«Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում կազմակերպել էր դասախոսություն՝ «Հայաստանի տնտեսության զարգացման եվրոպական և եվրասիական ուղղությունները. ռիսկերի և հնարավորությունների վերլուծություն» թեմայով:
Դասախոսությունն ունկնդրելու էին եկել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներ և ուսանողներ:
«Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Նորայր Դունամալյանը, ներկայացնելով հյուրին և թեման, նշեց, որ «Ապագայի դասեր» խորագրի ներքո այսօր եզրափակիչ դասախոսությունն է:
Այնուհետև ՌԳԱ Հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ազա Միհրանյանը ներկայացրեց Ռուսաստանի փորձագիտական կարծիքը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության շրջանակներում և հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրան) իրավիճակի ապակայունացման պայմաններում: Նա հանգամանորեն վերլուծեց տնտեսական այն գործոնները, որոնք էական նշանակություն ունեն ինտեգրացիոն համագործակցության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարում: Բանախոսը նշեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման գործում բացառիկ հանգամանք է Սփյուռքի դերը:
Ներկայացվեց ԵՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության կառուցվածքը, նշվեց, որ այդ երկրների հետ համագործակցության հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և հեռահաղորդակցության, ոսկու և այլ շուկաներում:
Ելույթի ավարտից հետո ծավալվեց քննարկում, ներկաները հանդես եկան հարցադրումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին