«Ամբերդ» կենտրոնը հրապարակում է նոր՝ ֆինանսական շուկաների հետազոտությունների արդյունքներ

Դիտումների քանակ՝ 1815

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում իրականացվում են ֆինանսական շուկաների հետազոտություններ, որոնք ներառում է Համաշխարհային ֆինանսական շուկաների, ՀՀ արժեթղթերի և միջբանկային վարկային շուկաների, ինչպես նաև  ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ու արտարժույթի շուկաների ամսական մշտադիտարկումներ և եռամսյակային վերլուծական ակնարկների հրապարակումներ: Ներկայումս արդեն ավարտին են հասցվել 2016թ. մարտ ամսվա ցուցանիշների վերլուծությունները, որոնք հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի՝ «Ամբերդ» կենտրոնի էջում և հասանելի են հետևյալ հղումով՝ asue.am/am/էջեր-220//ֆինանսական-շուկաների-մշտադիտարկումներ-2709:

Կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ հրապարակած մշտադիտարկումների նյութերը տեղեկատվություն են պարունակում համաշխարհային ապրանքային շուկաներում ոսկու, նավթի, համաշխարհային արժութային շուկաներում ԱՄՆ դոլարի, եվրոյի և ՌԴ ռուբլու, համաշխարհաին ֆինանսական շուկաներում DJIA, FTSE 100, DAX, CAC 40, Nikkei 225 բորսայական ինդեքսների վարքագծի, դրանց շարժերի ընդհանուր միտումների մասին: Հրապարակումներում ներառված են նաև ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված հիմնական ցուցանիշների շարժերը, որոնց ներկայացումը նպատակ ունի ներկայացնել ՀՀ տնտեսական ակտիվության, տնտեսության հիմնական ճյուղերի զարգացումների, սպառողական և արդյունաբերական գների ինդեքսների, արտաքին ապրանքաշրջանառության և բնակչության միջին ամսական աշխատավարձերի ընդհանուր միտումները, ինչը թույլ է  տալիս գնահատել ֆինանսական շուկաների վրա մակրոտնտեսական և սոցյալ-տնտեական ընդհանուր վիճակի ազդեցությունները: Բացի այդ ներկայացված են նաև ՀՀ ԿԲ կողմից օգտագործվող անուղղակի գործիքների կիրառումը, դրանց շրջանակներում իրականացված գործարքները, ինպես նաև դրամական զանգվածի կառուցվածքը և դրանում իրականացվող փոփոխությունները: Այցելուները կարող են ծանոթանալ նաև ՀՀ արտարժույթի շուկայի շարժերին. հրապարակման մեջ ներկայացված են ԱՄՆ դոլարի, եվրոյի, ՌԴ ռուբլու բորսայական, արտաբորսայական, ներբանկային և միջբանկային գործարքները, ինչպես նաև ՀՀ ԿԲ կողմից արտարժույթի շուկայում իարկանացված գործառնությունները: Արժեթղթերի շուկայի վերլուծությունը բաղկացած է պետական և կորպորատիվ արժեթղթերի շուկաների հետ կապված դիտարկումներից: Պետական պարտատոմսերի շուկայի հետ կապված ներկայացվում են առաջնային շուկայում դրանց տեղաբաշխումները, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող հետգնումները, բորսայական և արտաբորսայական շուկաներում կնքվող գործարքները, գործակալ բանկերի կողմից բորսայական գնանշումները, ինչպես նաև պետական պարտատոմսերի եկամտաբերության կորերի փոփոխությունները: Կորպորատիվ արժեթղթերի շուկայի հետ կապված ներկայացվում են բորսայական և արտաբորսայական տեղաբաշխումները, բորսայական շուկայում կնքված գործարքները, դրանց շուկա ստեղծողների գնանշումները: Միջբանակային շուկայի վերլուծությունն իրենից ներկայացնում են միջբանկային վարկային, սվոփ և ռեպո շուկաների ամփոփ դիտարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին