Կայացավ ՐԻՖԱՅՆ-ի լոկալ մեկնարկային հանդիպումը

Դիտումների քանակ՝ 1644

Կրթության որակի բարձրացումը և այս համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը ՀՊՏՀ առաջնահերթություններից է: 2017թ-ից բուհն անդամակցում է նոր՝ «Էրազմուս+» ՀԳ 2  «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագրին: Համալսարանում այն համակարգում է արտաքին կապերի բաժինը, որի նախաձեռնությամբ միջազգային ծրագրերի կենտրոնում կայացավ լոկալ մեկնարկային հանդիպումը: Մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը, նշված ամբիոննների դասախոսներ:

Քննարկվեցին Վիեննայում կայացած մեկնարկային հանդիպման արդյունքները, առաջին աշխատանքային փաթեթում (կարիքների գնահատում) նախատեսված աշխատանքները, առաջիկա միջոցառումները և ՀՊՏՀ-ի ստանձնած դերը:

Ներկաներին ողջունեց Վարդ Ղուկասյանը և ամփոփ նկարագրեց ծրագիրը, ապա պարզաբանեց ՀՊՏՀ դերակատարությունը: ՐԻՖԱՅՆ-ի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների 6 մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով:

Այն ուղղված է ֆինանսների կրթական ծրագրերի, մասնավորապես՝ բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավմանը և Հայաստանի և Մոլդովայի տնտեսությունները բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար նկատի է առնում կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը զեկուցումներ կարդաց Վիեննայի մեկնարկային հանդիպման քննարկումների և արդյունքների, առաջիկա գործողությունների ու պլանավորված իրադարձությունների մասին:

Տ.գ.թ, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը հանդես եկավ 1-ին աշխատանքային փաթեթի գործողությունների և արդյունքների, ինչպես նաև ակնկալվող արդյունքների մասին զեկուցումներով:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ցուցումներ ներկայացրեց ծրագրի կատարողներին:

ՐԻՖԱՅՆ-ի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել ծրագրի կայքում՝ http://www.reforming-finance.eu/, ինչպես նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդնորություններն`    այստեղ