Բաց դասը՝ գործնական աշխատանքի արդյունավետ ձևաչափ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հակաճգնաժամային կառավարման մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի դասաժամին, բաց դասի շրջանակում, համակողմանիորեն ներկայացրին «Զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում» թեման: Առարկայի դասախոս, ՄՏՀ ամբիոնի դոցենտ Լուսինե Աղաջանյանի հանձնարարությամբ, բաժանվելով 6 խմբի, ուսանողները խոսեցին Ճապոնիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի տնտեսական ակտիվության ցուցանիշների և տնտեսության առանձնահատկությունների մասին:
Ուշագրավ է, որ ուսանողները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել բաց դասին, խմբավորել էին բավականին խորքային փաստական նյութ՝ հագեցնելով այն վիճակագրական տվյալներով, լրացնելով խոսուն տեսանյութերով:
Բաց դասին ներկան էին հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը, կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը, առարկայի դասախոսը և այլ մասնագիտությունների ուսանողներ:
Բաց դասը կրկին հավաստեց, որ գործնական աշխատանքի այս ձևաչափը արդյունավետ է և յուրատեսակ խթան է ուսանողների համար՝ ինքնուրույն աշխատելու և ամբիոնից անկաշկանդ ելույթ ունենալու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին