Մեր համալսարանում էր Կաունասի տեխնոլոգիական համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2060

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրողություն դարձավ ՀՊՏՀ և Կաունասի տեխնոլոգիական համալսարանի (Լիտվա) ևս մեկ արդյունավետ գործակցություն. այս շաբաթ մեր համալսարանում էր լիտվական համալսարանի դասախոս, թվային մարքեթինգի և բիզնեսի պլանավորման մասնագետ Ելենա Վիտկաուսկատեն: Տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսերում երեկ և այսօր նա «Canvas բիզնես մոդել» և «Էլեկտրոնային բիզնես մոդելներ» թեմաներով դասախոսություններ կարդաց՝ անդրադառնալով համաշխարհային շուկայում թվային միջավայրի բիզնես մոդելներին, այդ թվում՝ էլեկտրոնային բիզնես մոդելներին, Canvas-ի (համաշխարհային մասշտաբով կիրառվող հաջողակ բիզնես մոդել) առանձնահատկություններին:

«Բիզնեսի պլանավորում» առարկայի դասախոս, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի տ.գ.թ., ասիստենտ Ալբերտ Բադալյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ դասախոսությունից զատ, Ելենա Վիտկաուսկատեն մի քանի հանդիպումներ է ունեցել. մասնավորապես, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մարդումյանի հետ քննարկվել են միջամբիոնային գործակցությանը, առարկայական ծրագրերին, իսկ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի և միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի հետ՝ երկու բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ալբերդ Բադալյանը նաև նշեց, որ նախորդ կիսամյակում (ապրիլին) նույն ծրագրով ինքը եղել է Կաունասի տեխնոլոգիական համալսարանում և այդ ընթացքում ծանոթացել է դասախոս Ելենա Վիտկաուսկատեի հետ ու փոխգործակցությունն ընդլայնելու առաջարկությամբ հանդես եկել. արդյունքում լիտվական համալսարանի ներկայացուցիչը եկավ ՀՊՏՀ:

Հիշեցնենք՝ «Էրազմուս+»-ը ՀՊՏՀ-ում համակարգում է միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին ավելին՝ asue.am-ի Միջազգային ծրագրեր խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին