ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2021
Դիտումների քանակ՝ 1349

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ,

այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Որքան էլ տոնական չէ մեր տրամադրությունը, միևնույն է, տոնը հիշատակում ենք, այն իմաստավորում նորովի և փորձում տոգորվել գարնան շնչով:

Ժամանակակից կինը, գեղեցկության ու կանացի հմայքի հետ մեկտեղ, ուժի ու կամքի մարմնացում է՝ պայքարող ու նպատակասլաց: Այդպիսին է արդիականության հրամայականը, և այս տոնի խորհրդանիշը պատմականորեն հենց այդպիսի կինն է:

Համալսարանական մեր մեծ ընտանիքում այսօր համախմբված են կրթության նվիրյալ կանայք՝ գիտնական-մանկավարժներ, հետազոտողներ, կառավարիչներ, արհեստավարժ ու բարեխիղճ աշխատակիցներ, որոնք նաև ընտանիքի մայրեր են՝ ավանդական արժեքներ դավանող ու փոխանցող, օրինապաշտ քաղաքացիներ են՝ հայրենիքի ու իրենց զավակների ապագայով մտահոգ:

Սիրելինե´րս, թող այսուհետ մշտատև խաղաղություն լինի մեր երկրում՝ անխռով ու անկորուստ, որ լիահույս ու լավատեսորեն նայեք առաջ և կյանքի կոչեք ձեր բոլոր նվիրական իղձերը: Մաղթում եմ ձեզ առողջություն և սեր, երջանկություն և անսպառ եռանդ:

Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյան