ՀՊՏՀ երկու ուսանող արժանացել է ԿԲ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի
ՀՀ կենտրոնական բանկն ամփոփել է ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները, որի վերջին փուլին մասնակցել են հայաստանյան բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների 18 ուսանողներ՝ ներկայացնելով իրենց հետազոտական-վերլուծական աշխատանքը:
Ըստ ԿԲ կայքի՝ ԿԲ խորհուրդը գնահատել է զեկուցումները և արդյունքում 7 ուսանողի համար սահմանել ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ:
Մրցույթում հաղթածներից 2-ը ՀՊՏՀ-ական են. Մարինե Ավետիսյանը Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի բանկային գործի կազմակերպում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է, Անդրանիկ Սարգսյանը՝ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բանկային գործի կազմակերպում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսից:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է մագիստրանտների հետ: Անդրանիկ Սարգսյանը մրցույթում ներկայացրել է «Մեծ տվյալների վերլուծությունը և արհեստական բանականությունը որպես վիճակագրական տեղեկատվության ստացման և մշակման նոր հնարավորություններ, դրանց հետ կապված մարտահրավերները և ներդրման հնարավոր ուղիները կենտրոնական բանկերում» թեմայով հետազոտական աշխատանք:
«Ներկայացրել եմ աշխարհի կենտրոնական բանկերի՝ քարտային զեղծարարությունների բացահայտման փորձը և վերլուծելով մեքենայական ուսուցման ալգորիթմների օգտագործման եղանակները՝ առաջարկել զեղծարարությունների բացահայտման մոդել»,-մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկը: Ի դեպ, մեր մագիստրանտն աշխատում է «Simply Technologies» ընկերությունում` որպես ծրագրավորող:
Մարինե Ավետիսյանի մրցութային աշխատանքը «Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը դոլարիզացված տնտեսություններում» թեմայով էր: Նա մեզ հաղորդեց, որ թեման ակտուալ ու կարևոր է այն համատեքտում, որ Կենտրոնական բանկը 2018 թվականից համարվում է ոչ միայն գների կայունություն, այլև ֆինանսական կայունություն ապահովող կառույց, և մակրոտնտեսական քաղաքականության դերը առավել կարևորվում է:
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը համարվում է դոլարիզացված տնտեսություն, անհրաժեշտություն է առաջանում հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի պատասխանատու մարմինը, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի»,-ասաց մագիստրանտը:
Տեղեկացանք նաև, որ Մարինեն աշխատում է Գյումրու «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնում:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով ուսումնական, աշխատանքային նոր ձեռքբերումներ:
Լուսանկարները՝ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից: Առաջին լուսանկարում աջից՝ Մարինեն և Անդրանիկը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին