ՀՊՏՀ-ում կլինեն կազմակերպական կառուցվածքային փոփոխություններ, բայց բնական և տրամաբանական ընթացքով. Ռուբեն Հայրապետյան

Դիտումների քանակ՝ 2318

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաև ՀՊՏՀ խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը:  Ռուբեն Հայրապետյանի ներկայացմամբ, խորհրդի նախագահը ցանկություն ունի ավելի լավ ծանոթանալու մեր համալսարանում կատարվող իրադարձություններին, ինչի վկայությունն էլ այսօրվա մասնակցությունն է գիտխորհրդի նիստին:

Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին խոսակցություններին, հայտարարեց, որ այն գործընթացները, որոնք մեկնարկել են, կազմակերպական կառուցվածքային փոփոխությունների տրամաբանական և բնական ընթացք են ենթադրում, որին անդրադարձ կլինի մարտի 11-ին կայանալիք ՀՊՏՀ խորհրդի նիստում:  «Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված ընդհանուր խոսակցություններ կան, որ ֆակուլտետներ ու ամբիոններ են միանալու, սակայն այս փուլում այդ փոփոխությունները վերաբերում են միայն վարչական հատվածին: Իսկ մյուս հատվածներին դա կարող է վերաբերել հետագայում, քանի որ համալսարանը կենդանի օրգանիզմ է, կա զարգացման դինամիկ ընթացք, ուստի ընթացիկ փոփոխություններ կլինեն»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Այնուհետև համալսարանի ղեկավարն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ թելադրությունների ձևով վարվող դասախոսությունները պետք է բացառվեն: «Ընդհանուր առմամբ, այս հայտարարությունը դրական արձագանքի է արժանացել, սակայն մի քանի դեպքեր են եղել, երբ դասախոսը այս հայտարարությունից հետո հրաժարվել է ուսանողներին պատշաճ ձևով տրամադրել անհրաժեշտ նյութը, գրականությունը: Ցանկանում եմ նշել, որ նման դեպքերը խիստ կպատժվեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե մեր բուհից ուսանողներ են դուրս մնում, ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ համալսարանը բոլոր հնարավորություններն ընձեռում է ուսանողներին, արդյունքում դուրս են մնում նրանք, ովքեր ընդհանրապես չեն սովորում:

2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցմամբ հանդես եկավ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ նշելով, որ կիսամյակի ընթացքում համահամալսարանական հիմնական առարկաների գծով կազմակերպվել և անցկացվել են գիտելիքների համակարգչային, գրավոր թեստային և բանավոր ստուգումներ: «2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանին (ներառյալ 1-ին և 2-րդ վերահանձնումները) առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում և մագիստրատուրայում մասնակցել է 5802 ուսանող. նրանցից դրական գնահատականներ են ստացել 4549-ը կամ 78,4%-ը։ Քննաշրջանից, 1-ին և 2-րդ վերահանձնումներից հետո համալսարանից հեռացման ենթակա է 61 ուսանող (առանց առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի մեկ անգամ ևս լուծարք հանձնողների), իսկ 1192-ը մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարքերով դեռևս շարունակում են ուսումը։ Առկա ուսուցման բակալավրիատում ուսման առաջադիմությունը կազմել է 83,4%, առկա ուսուցման մագիստրատուրայում՝ 89,3%, հեռակա ուսուցման բակալավրիատում՝ 65,2% և հեռակա ուսուցման մագիստրատուրայում՝ 78,2%։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ուսման առաջադիմությունը գրեթե չի փոխվել»,- ներկայացրեց պրոռեկտորը։

Հաշվետվությունը հաստատվեց և որոշում ընդունվեց՝ ռեկտորատին, ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին պատվիրակելով գործընթացի բարելավմանը միտված մի շարք հանձնարարականներ:

Այնուհետև Պարույր Քալանթարյանը զեկուցեց «Կրթական ծրագրերի մշակման ընթացքի մասին» և «Ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակի և դեկանատների ու ամբիոնների խնդիրների մասին» հարցերը:  Առաջին հարցի մասին հաղորդումն ընդունվեց: Երկրորդ հարցի մասին պրոռեկտորը նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում կազմակերպվել են ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառություններ, որտեղ ընդգրկվել է 1768 ուսանող, այդ թվում շուրջ 2/3-ը՝ խոշոր կազմակերպություններում՝ համալսարանի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Փետրվարի 11-ից մինչև ապրիլի 5-ը ուսումնաարտադրական փորձառություն են անցնելու բակալավրիատի առկա ուսուցման 1020 և հեռակա ուսուցման 388 ուսանողներ: Փետրվարի 11-ից մինչև ապրիլի 19-ը գիտահետազոտական փորձառություն են անցնելու առկա ուսուցման մագիստրատուրայի 360 ուսանող։ Սույն հարցի վերաբերյալ ընդունվեց որոշում՝ աշխատանքը վերապահումով գնահատել բավարար, ապա տրվեցին գործընթացը հիմնովին բարելավելու հանձնարարականներ:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերի արդիականացմանը, նման գործընթաց եղել է նաև նախկինում ու կան որոշ արդյունքներ, սակայն այսօր հարցին պետք է արմատական լուծում տալ: «Այսօր կրթական շուկայում այնպիսի սուր մրցակցություն է, որ մենք պետք է արմատապես փոխենք մեր քաղաքականությունը, մեր փիլիսոփայությունը: Բոլորիդ խնդրում եմ, հորդորում եմ սրտացավորեն վերաբերվել և միանալ այս համատեղ գործին, քանի որ մենք պատրաստվում ենք բոլոր ուղղություններով բարելավել համալսարանի որակը, ոչ թե տալ հատվածական լուծումներ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ կառավարման ամբիոնում արդեն իսկ սկսվել է կրթական ծրագրերի արդիականացման գործընթացը, ստեղծված աշխատանքային խմբերն արդեն ունեն որոշակի արդյունքներ: Ինչ վերաբերում է պրակտիկաների կազմակերպմանը՝ բուհի ղեկավարը նշեց, որ այն պետք է հիմնովին վերանայվի, և այս ուղղությամբ այժմ լայն թափով աշխատանքներ են իրականացվում:

Մինչ ընթացիկ հարցերին անդրադառնալը ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը՝ նշելով, որ քննարկվող հարցերը իրեն շատ հետաքրքիր էին և դրանցից յուրաքանչյուրի մասին ինքն ունի իր մոտեցումը, սակայն նիստին իր մասնակցության գլխավոր նպատակը խորհրդի անդամներին ճանաչելն է: Վահան Մովսիսյանը վստահեցրեց, որ բուհի խորհուրդը անկեղծորեն ցանկանում է աջակցել համալսարանի զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը և կփորձի օգտակար լինեն: «Մեր բոլորի նպատակը մեր վաղվա օրը ավելի լավը դարձնելն է»,- ասաց Վահան Մովսիսյանը՝ հավելելով, որ նման հանդիպումները լինելու են շարունակական:

Ընթացիկ հարցերի շարքը ևս հագեցած էր: Գիտխորհուրդը քվեարկությամբ որոշեց «ՀՊՏՀ պատվավոր պրոֆեսոր» պատվավոր կոչում շնորհել մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լյովա Սամվելյանին: Այնուհետև Պարույր Քալանթարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց «Գիտական խորհրդի 2016 թվականի հունիսի 22-ի նիստում (արձանագրություն N 9) հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դասալսումների անցկացման և արդյունքների վերլուծության ընթացակարգը քննարկելու և հաստատելու մասին», «Վերջնադյունքներին համապատասխան դասավանդման, ուսումնառության և գնահատման կարգը քննարկելու և հաստատելու մասին» հարցերը, որոնք հաստատվեցին:

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր:

Նիստի ավարտին Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ շնորհավորանքի խոսք հղեց Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ ինքը բարձր է գնահատում կոլեկտիվում կանանց ներկայությունը ու նաև նրանց մասնակցությունը համատեղ աշխատանքին: «Ցանկանում եմ ձեզ լավագույնը, առողջ լինեք, երջանիկ ձեր ընտանիքների հետ, և թող ձեր հաջողությունները մեզ մշտապես ուրախացնեն»,- ասաց համալսարանի ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին