Տնտեսագիտական համալսարանի դերի վերաիմաստավորման համատեքստում պետք է վերանայել մեր զարգացման ծրագրերը. ՀՊՏՀ ղեկավարը՝ գիտխորհրդի նիստում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2083

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ մեր համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը ՝ հագեցած օրակարգով: Սակայն մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ ՀՊՏՀ-ում հայտարարված թափուր դասաժամերի մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ:

Այնուհետև ՀՊՏՀ ղեկավարն անցավ նիստի օրակարգային հարցերին՝ զեկուցելով գիտական խորհրդին կից ուսումնամեթոդական, մրցութային, գիտամեթոդական, հրատարակչական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին հարցերը, որոնք գիտական խորհուրդը հաստատեց:

Դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը: Գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց ֆինանսների ամբիոնի ասիստենտ Կարեն Մամիկոնյանին և լեզուների ամբիոնի դասախոս Լուսյա Տեր-Սարգսյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և այն հաստատելու համար դիմել ԲՈԿ-ին:

ՀՊՏՀ միջազգային գործունեության վիճակի և խնդիրների մասին զեկուցեց միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ ներկայացնելով դասախոսների, աշխատակիցների և ուսանողների շարժունության ծրագրերի արդյունքները՝ ՀՊՏՀ-ից մեկնած, ՀՊՏՀ ժամանած ուսանողների և աշխատակիցների թվային տվյալները: Այնուհետև բաժնի պետը ներկայացրեց իրենց կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրերը, որոնցում այժմ ընդգրկված է մեր համալսարանը: Դրանց թիվը, Վարդ Ղուկասյանի խոսքով, այս պահին 3-ն է:

Անդրադառնալով բուհի միջազգայնացմանը՝ Ռուբեն Հայրապետյանը նախ նշեց, որ այն զարգացման գերակա ուղղություններից է, ապա հավելեց՝ Տնտեսագիտական համալսարանի դերի վերարժևորման համատեքստում պետք է վերանայել ծրագրերը, դրանք ներկայացնել գրավիչ ձևով: «Ներկայացրեք համալսարանի միջազգայնացման բազմասպեկտ իրատեսական ծրագիր, որը հստակորեն կներառի այն գործողությունները, որոնց շնորհիվ գոնե մի քանի տարի հետո մենք կդառնան միջազգային համալսարան: Շատ կարևոր է, որ այս ծրագրերը ներկայացվեն ճիշտ, գրավիչ, քանի որ մարդկանց հույսը և հավատը շատ կարևոր է հաջողության հասնելու համար»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը և բուհի միջազգայնացման գործում կարևորեց օտարերկրյա ուսանողների ներգրավման, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղությունները: Հարցի վերաբերյալ ներկայացված որոշումը հաստատվեց միջազգային կապերի բաժնի գործունեությունը գնահատվեց բավարար:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի կառուցվածքը հաստատելու մասին հարցը զեկուցեց Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, սակայն լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությամբ պայմանավորված որոշվեց հարցը հանել օրակարգից:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը գիտխորհրդի քննարկմանն ու հաստատմանը ներկայացրեց ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ «Առկա ուսուցման բակալավրիատում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգը», բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման առաջին կուրսի ընդունելության խմբերի նվազագույն չափերը սահմանելու և գիտական խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 22-ի որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության նորմատիվները հաստատելու և գիտական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, ուսումնական աշխատանքների ծավալի հաշվարկի նորմատիվները հաստատելու մասին, գիտական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի նիստում (արձանագրություն N 10) հաստատված ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսանողների վերականգնման, ներքին տեղափոխության, առարկայական (ծրագրային) տարբերությունների հանձնման և ուսման վճարի հաշվարկման ընթացակարգում» լրացում կատարելու մասին:

Ներկայացված հարցերի շուրջ բավական երկար քննարկում ծավալվեց, գիտխորհրդի անդամները հանդես եկան առաջարկներով, մոտեցումներով: Քննարկումների արդյունքում ներկայացված փաստաթղթերն ու կարգերը, որոշակի լրացումներով, հաստատվեցին:

Գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր, ինչպես նաև՝ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ֆրիդա Բահարյանի և ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Էմմա Մովսիսյանի «Միկրոտնտեսագիտություն. տեսություն և խնդիրներ» ուսումնական ձեռնարկը և լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.դ. Լուսինե Հարությունյանի «Business English» դասագիրքը հրատարակության երաշխավորելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին:

Նիստի ավարտին պրոռեկտոր Դիանա Գալոյանը ամբիոնների վարիչների ուշադրությունը հրավիրեց քննական թեստային բազաները վերանայելու և բարելավելու հարցի վրա, իսկ Ռուբեն Հայրապետյանը ևս մեկ անգամ ընդգծեց բուհի ղեկավարության մոտեցումը՝ քննական թեստերում բացառել ծուղակային հարցերը:

Հ.Գ. Հաստատումից հետո նիստում ներկայացված բոլոր հարցերը և փաստաթղթերը կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտական խորհուրդ» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին