ՀՊՏՀ ռեկտորատի սեպտեմբերմեկյան շնորհավորանքը
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, այսօր հիշարժան օր է բոլորիդ կյանքում: Այն առանձնահատուկ է՝ որպես ձեր ձեռքբերումների մի նոր շրջափուլ, որպես ուսանողական կյանքի մեկնարկ, որպես ակադեմիական կրթության նոր ընտանիքին անդամակցություն և, իհարկե, այն առանձնահատուկ է՝ արտակարգ իրավիճակի և բոլորիս անվտանգության պահպանման պահանջներով պայմանավորված:
Բարով եք եկել, ողջունում ենք ձեր նորամուտը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և շնորհավորում Գիտելիքի, գրի և դպրության օրը:
Հավաստիացնում ենք՝ մեր համալսարանում դուք ստանալու եք բարձրորակ գիտելիք, ձեզ դասավանդելու են արհեստավարժ մասնագետներ, այստեղ ձևավորվելու և զարգանալու է ձեր արժեքային համակարգը, դուք քաղելու եք նաև կյանքի դասեր: Իսկ ձեզանից ակնկալում ենք ձգտում դեպի գիտելիքն ու ճանաչողությունը, ինչպես նաև աշխատասիրություն, կարգապահություն, հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ: Այդ դեպքում դուք հաստատապես կդառնաք մեր մեծ ընտանիքի լիիրավ անդամ, և մեր բոլոր ջանքերն անմնացորդ կնվիրաբերվեն ձեզ:
Սիրելի՛ ուսանողներ, այս պահից սկսած, ջանացեք ինտեգրվել նոր միջավայրին, ներգրավվել ուսումնական գործընթացում ու քայլ առ քայլ կերտել ձեր կենսագրության ամենալուսատու էջերը:
Բարի երթ: Ամուր եղեք ոգով ու կամքով, հաստատակամ՝ ձեր բոլոր քայլերում, պատրաստ՝ հարափոփոխ մեր օրերի մարտահրավերներին:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտորատ