Բարի գալուստ ՀՊՏՀ. մեկնարկեց նոր ուսումնական տարին՝ նոր սպասումներով
Հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի, գրի և դպրության օրը ՀՊՏՀ աշխատակազմը, ուսանողական խորհուրդը, սահմանված կարգով, դիմավորեցին 1-ին կուրսեցիներին:
Ուսանողներին ջերմաչափելուց և լսարաններ ուղղորդելուց հետո, ֆակուլտետ առ ֆակուլտետ, նրանց նորամուտը ողջունեցին ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, դեկաններն ու ամբիոնի վարիչները:
Արմեն Գրիգորյանը ողջույնի խոսքում նախ շնորհավորեց ուսանողներին, ապա հորդորեց բոլորին խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ նշելով, որ դա կրթական գործընթացի շարունակականության ապահովման ամենակարևոր երաշխիքն է: Հաջորդիվ նա ուսանողներին ծանոթացրեց ուսումնական գործընթացի կազմակերպման նրբություններին, տեղեկացրեց, որ ուսանողները շուտով կստանան ՀՊՏՀ հեռավար ուսուցման հարթակներ մուտք գործելու իրենց անհատական տվյալները (մուտքանուն, գաղտնաբառ):
Կարևորագույն ուսումնակազմակերպական հարցերի շուրջ պարզաբանումներից հետո անցում կատարելով առավել անմիջական զրույցի՝ Արմեն Գրիգորյանը կոչ արեց հարցերի դեպքում անկաշկանդ լինել և դիմել թե' բուհի ղեկավարությանն ու ուսումնաօժանդակ կազմին, թե' ուսանողական խորհրդին:
Ուսանողական կառույցի նախագահն իր հերթին շնորհավորանքի խոսք հղեց և ներկայացրեց ՈւԽ առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները: Իրենց ֆակուլտետներում բարեմաղթանքներ հղեցին և որոշ հարցեր պարզաբանեցին դեկաններ Մանուկ Մովսիսյանը (կառավարման), Մերի Բադալյանը (հաշվապահական հաշվառման և աուդիտի), Գրիգոր Նազարյանը (ՏԿ և ՄՏՀ), Վահե Միքայելյանը (ֆինանսական) , Սոս Խաչիկյանը (ինֆորմատիկայի և վիճակագրության), Նարեկ Կեսոյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման):
asue.am-ը զրուցել է առավոտյան համալսարան շտապող առաջինցիների հետ:
Ֆինանսական ֆակուլտետ շտապող Վահե Վանոյանը նշեց, որ ուսանողի կարգավիճակում առաջին տպավորությունները հիանալի են: «Դիմակով դասի գալն անսովոր է, բայց հասկանում ենք, որ սա բոլորիս առողջության համար է և փորձում ենք հարմարվել»,-ասաց ապագա ֆինանսիստը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետից Արմեն Բադոյանն էլ էր հիացած ՀՊՏՀ գողտրիկ միջավայրով ու նշեց, որ ուսումնական տարվա սկիզբը խոստումնալից է: Տեղեկացանք, որ նա քոլեջում ևս սովորել է հաշվապահի պահանջված մասնագիտությամբ և եկել է լավագույն համալսարաններից մեկում նույն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու:
Կառավարման ֆակուլտետն ընտրած Լիանա Հարությունյանը մեզ խոստացավ՝ այնքան լավ է սովորելու, որ տեղափոխվի անվճար համակարգ, և ամենակարևորը՝ դառնա լավ մասնագետ: «Կառավարման ֆակուլտետից ակնկալում եմ խորքային գիտելիքներ ու քանի որ կառավարչի մասնագիտությունը գլոբալ է, իմ առջև տեսնում եմ շատ ու շատ հեռանկարներ, մնում է միայն լավ ուսանող լինել»,-ասաց ապագա կառավարիչը:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետից Լուսինե Հարությունյանը ևս լուսավոր է պատկերացնում իր համալսարանական տարիները և վստահաբար ասում է՝ ճիշտ պահին ճիշտ վայրում է՝ ՀՊՏՀ-ում:
Առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկի կազմակերպական աշխատանքներին մեծապես աջակցել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Մուտքի մոտ վաղ առավոտից առաջին կուրսեցիներին դիմավորում և լսարաններ էին ուղեկցում ուսանողական խորհրդի անդամները: ՈւԽ-ի նախագահ Գոռ-Մելիք Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես միշտ, ուսանողական խորհուրդը կանգնած է ուսանողի կողքին և զբաղված է նրա շահերի պաշտպանությամբ:
«Ուսումնագիտական, մարզական, մշակութային, ռազմահայրենասիրական և այլ ուղղություններով ապահովելու ենք ուսանողության մասնակցությունը ՈւԽ աշխատանքներին, ապահովելու ենք նրանց բազմաբովանդակ ժամանցը: Առաջիկայում առանձին ֆակուլտետներում անմիջականորեն ծանոթանալու ենք մեր նոր ուսանողների հետ»,-ասաց ՈւԽ նախագահը:
Այսպիսով, ՀՊՏՀ-ում դասապրոցեսը բնականոն հունի մեջ է: Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրն ու նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Սիրելի' ուսանողներ, կրթությունը ամենահզոր զենքն է, և թող այն մի'շտ լինի ձեր առաջնահերթություններից մեկը:
Կրկին ու կրկին բարի գալուստ, սիրելի' առաջին կուրսեցիներ, մասնագիտական կրթության աշխարհում ձեր երթի մեկնարկն ու ողջ ընթացքը թող բարի լինի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին