Պրակտիկ մասնագետները լիզինգի, պետական և մասնավոր հատվածների համագործակցությանն առնչվող բաց դաս վարեցին

16.03.2021
Դիտումների քանակ՝ 1306

ՀՊՏՀ շրջանավարտներ, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը և «Ագրոլիզինգ» ԼՎԿ ՍՊԸ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Արամ Մխիթարյանն այսօր հարազատ բուհում էին՝ համագործակցություն հաստատելու նպատակով։ Այցի շրջանակում նրանք բաց դաս վարեցին, ապա հյուրընկալվեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի աշխատասենյակում։

Գևորգ Պողոսյանը և Արամ Մխիթարյանը ուսանողական լսարանում հանդես եկան «Պետական-մասնավոր երկխոսությունը որպես քաղաքականության մշակման արդյունավետ մեխանիզմ» և «Լիզինգը որպես ֆինանսական գործիք՝ տնտեսության ճյուղերի զարգացման համար» թեմաներով։ Նրանք պարզաբանեցին պետական և մասնավոր հատվածի փոխգործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև լիզինգի էությունն ու առավելությունները։

Հաջորդիվ Դիանա Գալոյանը և Արամ Մխիթարյանը հուշագիր կնքեցին, որով ամրագրվում է ՀՊՏՀ-«Ագրոլիզինգ» փոխգործակցությունը, և որի շրջանակում նախատեսվում է բաց դասերի անցկացում, նշված ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների ներգրավում, փորձառությունների կազմակերպում։ Ռեկտորն ընդգծեց, որ բուհը կարևորում է ուսումնական գործընթացում գործնական ոլորտի մասնագետների ներգրավվումը, ինչը զարգացնում է ուսանողների մասնագիտական հմտությունները, ճանապարհ հարթում դեպի աշխատաշուկա։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին