ՈՒԳԸ համալսարանական նստաշրջանը կանցկացվի հունիսի 1-ին. հաղթողները կխրախուսվեն

Դիտումների քանակ՝ 1157

Շուրջ մեկ ամիս Տնտեսագիտական համալսարանում անցկացվող Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ֆակուլտետային նիստերը իրենց արտացոլումը կգտնեն համալսարանական նստաշրջանում, որը կկայանա հունիսի 1-ին: Այս մասին հարցը այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում զեկուցեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:
Ներկայացնելով ընթացիկ վիճակը՝ պրոռեկտորը նշեց, որ նստաշրջանը ֆակուլտետներում անցել է շատ ակտիվ, ներգրավվել են դեկաններն ու ամբիոնների վարիչները, իսկ ուսանողները անսպասելի աշխույժ են եղել, անգամ կազմակերպվել են ոչ մասնագիտական օրեր, որտեղ ուսանողները զեկուցումներ են ներկայացրել նաև պատմությունից, փիլիսոփայությունից:

Գործընթացը լուսաբանել է լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ներկայացնելով նաև ֆակուլտետային հաղթողներին: Պրոռեկտորն առաջարկեց ֆակուլտետային, ինչպես նաև համալսարանական նստաշրջանի հաղթողներին, որոնք հայտնի կդառնան առաջիկայում, խրախուսել: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը սիրով արձագանքեց առաջարկին՝ հանձնարարալով ներկայացնել խրախուսման առաջարկ:
Դեկանները զեկուցեցին առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գիտահետազոտական փորձառության արդյունքների մասին: Ներկայացվեցին նաև ուսանողների դիմումներն՝ ուղղված համալսարանի ռեկտորին, որոնք բավարարվեցին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին