Մեկնարկում է նոր աշխատանքային տարի

Դիտումների քանակ՝ 2154

ՀՊՏՀ վարչական հիմնական աշխատակազմը այսօր վերադարձել է ամենամյա արձակուրդից և թարմ ուժերով պատրաստ է սկսել նոր աշխատանքային տարին: Թեպետ հանգստի շրջանում մենք հանդես ենք եկել որոշ հրապարակումներով, սակայն այսօրվանից բուհի հետ ձեր հետադարձ կապն ավելի սերտ կլինի. ինչպես միշտ թարմ լուրերով, համալսարանական իրադարձությունների ներկայացմամբ ձեզ կներկայանան ՀՊՏՀ պաշտոնական կայքը (asue.am), ՀՊՏՀ պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Լինկդինում, ինչպես նաև «Տնտեսագետ» ամսագիրը, որի մայիս-հունիսյան համարը լույս է տեսել արձակուրդի շեմին և օրերս կտարածվի:

Անցած շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ կարճ հաղորդենք մի քանի նորություն: Սկսենք միջազգային հարթակում ՀՊՏՀ ձեռքբերումներից. որակի ապահովման բաժինը շահել է միջազգային հերթական ծրագիրը` «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ (Հիմնական գործողություն 1): Այս մասին մանրամասներն առաջիկայում կներկայացնենք՝ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանի հետ հարցազրույցի միջոցով:

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի EU politics, policies and polity ծրագիրը ճանաչվել է հաղթող ԵՄ Ժան Մոնե ծրագրում: Ամբիոնի պրոֆեսորներ Զոյա Թադևոսյանը, Դիանա Գալոյանը և ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը դիմել են «Ժան-Մոնե» մոդուլ ծրագրին և շահել։

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը դարձել է Համահայկական 7-րդ խաղերի չեմպիոն:

Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 5-ից մեկնարկել է հանգստի շրջանը՝ ՀՊՏՀ աշխատակիցներին, ուսանողներին և նրանց ընտանիքի անդամներին հնարավորություն ընձեռելով վայելել դիլիջանյան ամառը: Այս շրջանում անցկացվել է «Ուսանողական ամառ-2019» ամենամյա փառատոնը: Մարզաառողջարանում հանգստի ավարտը օգոստոսի 24-ն է (24-ը՝ ներառյալ):

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը օգոստոսի 15-ից աշխատում է: Ընդունելության գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, իսկ հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 010 593-473 հեռախոսահամարով:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը մասնակցել է ս.թ. հուլիսի 7-ից 17-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Եվրաատլանտյան ամառային ակադեմիային (Warsaw Euro-Atlantic Summer Academy-WEASA): Այս մասին մանրամասներն հասանելի են այստեղ:

Հուլիսի 24-29-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնությունում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը նվաճել են 1-ական ոսկե ու արծաթե մեդալ: Նրանց իր աշխատասենյակում ընդունել և գովեստի խոսքերով խրախուսել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին մանրամասներն հասանելի են այստեղ:

ՀՊՏՀ-ում գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքներն արտացոլող հրապարակումը հասանելի է այստեղ:

Ամառային արձակուրդի շրջանում մեր գործընկերների և ուսանողների մյուս նորություններին կանդրադառնանք հաջորդիվ:

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, բոլորիս բարի երթ և բարի աշխատանքային տարի ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին