Այսօրվանից սկսած՝ բացառում ենք թելադրությունների մեթոդով դասախոսությունների անցկացումը. Ռուբեն Հայրապետյանը՝ 2019 թ. գիտխորհրդի առաջին նիստում
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ այսօր կայացավ Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2019 թ. առաջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Ռուբեն Հայրապետյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանում սպասվելիք առաջիկա փոփոխությունները և որոշ քայլերը՝ հորդորելով ներկաներին աջակցել նախատեսվող բարեփոխումներին:
«Այսօրվանից սկսած՝ մենք բացառում ենք թելադրությունների մեթոդով դասախոսությունների անցկացումը, ավելին՝ նման աշխատաոճը կդիտվի որպես խախտում: Փոխարենը պետք է ակտիվացնել ուսանողներին տրվող հանձնարարականների ինստիտուտը և բոլոր առարկաների գծով, թեմա առ թեմա ուսանողների համար պետք է լինեն հստակ հանձնարարականներ՝ անհատական կամ խմբային, որոնք կմիտվեն տվյալ առարկայի գծով նրանց հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ավանդաբար եղել է հանձնարարականների դերի թերագնահատումը, երբ ուսանողների կատարած փաստացի աշխատանքի արդյունքը մղվել է երկրորդ պլան, իսկ դասախոսը ստանձնել է ինֆորմացիա փոխանցողի պասիվ դերը», - հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը:
Որպես հաջորդ կարևորում՝ Ռուբեն Հայրապետյանը խոսեց կրթական, ուսումնառության գործընթացում բոլոր միջնորդությունների վերացման հաստատակամության մասին՝ նշելով, որ նման դեպքերը կդիտարկվեն որպես խիստ խախտումներ: «Պետք է իսպառ բացառենք բոլոր տեսակի միջնորդությունները, առհասարակ, փուլ առ փուլ պետք է վերացնենք բոլոր անթույլատրելի երևույթները և այս գործընթացի վերահսկողը պետք է լինեն նաև ուսանողները», - ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Այնուհետև Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ մեծապես կարևորվելու է շարունակական կրթության ուղղությունը և այն բարելավելու համար շուտով ամբիոնների վարիչներին կուղղվի հանձնարարական՝ հանդես գալու շարունակական կրթության բարելավմանը միտված առաջարկներով՝ կարճաժամկետ դասընթացների, տարատեսակ վերապատրաստումների և այլ նախաձեռնությունների իրականացում: «Ես կարծում եմ, որ շարունակական կրթության շուկայում չիրացված մեծ ներուժ կա, և մեր համալսարանի հեղինակությունն էապես կբարձրանա, եթե կարողանանք այստեղ որակյալ առաջարկներ անել: Մյուս կողմից՝ շրջանավարտների ցանցի ստեղծման մասին մեր հայտարարությանն արդեն իսկ արձագանքել են մի քանի հարյուր շրջանավարտներ, որոնք ևս կարող են մասնակցություն ունենալ այս գործին՝ տարբեր դասընթացների և նախագծերի իրականացմամբ: Պետք է հնարավորություն ստեղծենք նաև ուսանողների ներգրավման համար: Պետության տնտեսության զարգացման գործում մենք կարող ենք ունենալ լուրջ դերակատարում՝ որպես կարևոր ուղեղային կենտրոն՝ մեր ծանրակշիռ ծառայություններով և կարողություններով»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը:
Այնուհետև հաստատվեց գիտխորհրդի օրակարգը: Ռուբեն Հայրապետյանը զեկուցեց առաջին երեք հարցերը՝ «Գիտական խորհրդին կից համալսարանական ուսումնամեթոդական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին», «Գիտական խորհրդին կից համալսարանական մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» և «Գիտական խորհրդին կից համալսարանական հրատարակչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Գիտական խորհրդի անդամները հաստատեցին հանձնաժողովների ներկայացված կազմերը:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը զեկուցեց դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցը՝ ներկայացնելով, որ դոցենտի գիտական կոչում ստանալու համար դիմել են բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Հասմիկ Թորոսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Կարինե Հարությունյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Թեհմինե Ստեփանյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Նարինե Մարտիրոսյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ժորա Սարգսյանը: Գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ ներկայացված թեկնածուներին շնորհվեց դոցենտի գիտական կոչում, արդյունքները հաստատվեցին բաց քվեարկությամբ:
Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր: Ատենախոսությունների թեմաների քննարկման ժամանակ գիտխորհրդի անդամները կարծիք հայտնեցին, որ սույն գործընթացը հարկավոր է բարելավել, ինչին արձագանքելով՝ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ անշուշտ, գործընթացը պետք է բարելավվի և՛ բովանդակային, և՛ տեխնիկական կարգավորումների առումով: «Մենք պետք է դառնանք գերազանցության կենտրոն և այս առումով մենք պետք է մի նոր մակարդակի հասցնենք և՛ տնտեսական հետազոտությունների իրականացումը, և՛ դրանց տեխնիկական կարգավորումները, և այս ուղղությամբ պատրաստ եմ լրջորեն աշխատել նաև ԲՈԿ-ի հետ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Գիտական խորհուրդը նաև հրատարակության երաշխավորեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ» Արամ Սարգսյանի «Գործարարության բարոյագիտություն», կառավարման ամբիոնի ասիստենտներ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանի և տնտեսագիտության թեկնածու Թագուհի Օհանյանի «Հանրային կառավարում», ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Մարե Խաչատրյանի «Մաքսային գործ. ընդհանրական ակնարկ» ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Սարգսյանի, ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լևոն Սահակյանի, ամբիոնի դոցենտ Նելլի Օգանեզովայի «Ֆինանսական հաշվառման հիմունքներ. խնդիրների ժողովածուն»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին