Ուսանողները՝ Եվրոպայում ուսանելու իրենց փորձի մասին

Դիտումների քանակ՝ 1410

Մայիսի 24-ին Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային ու Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակները կազմակերպել էին «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր ծնողներին և ուսանողներին ներկայացնել Եվրոպայում ուսանելու, ապրելու առավելություններն ու մարտահրավերները:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկա և նախկին կրթաթոշակակիր ուսանողները:
Մասնավորապես՝ ՀՊՏՀ-ի ֆինանսական ֆակուլտետի ուսանող Նոյեմ Ավուշյանը, ով Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպոցում սովորել է 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում, քննարկման ընթացքում պատմել է իր փորձի, հնարավորությունների և մարտահրավերների մասին:

Իսկ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Աղաբեկյանը, ով այժմ գտնվում է Հունգարիայի Միշկոլցի համալսարանում և նույն ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Մանասյանը, ով այս պահին սովորում է Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման դպրոցում, տեսաուղերձով դիմել են դահլիճում ներկա ուսանողներին և նրանց ծնողներին՝ ներկայացնելով իրենց հյուրընկալող համալսարանները: Հոլովակը հասանելի է հետևյալ հղմամբ
Բոլոր լուսանկարների և հոլովակի հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային ու Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակներին:
Այս մասին մեզ տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին