«Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի ուսանողները հանդես են եկել նոր աշխատանքների ներկայացմամբ
Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսումնառության 1-ին տարվա 2-րդ կիսամյակի առաջին մոդուլի «Զբոսաշրջային ռեսուրսների վերլուծություն և գնահատում» ու «Զբոսաշրջային կենտրոնների կառավարում» դասընթացների շրջանակում ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., Հասմիկ Համբարձումյանի հանձնարարությամբ մշակել են զբոսաշրջային նշանակության վայրերի զարգացման ծրագրեր Օշական և Ոսկեվազ համայնքների համար։
Երեկ և այսօր ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքները, որոնք ունկնդրել են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:
Ինչպես հայտնում են որակի ապահովման բաժնից, ուսանողներին դասընթացների դասավանդման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջային ռեսուրսների վերլուծության և գնահատման մեթոդաբանություն, որին համապատասխան նրանք իրականացրել են ռեսուրսների նախնական գնահատում։ Այնուհետև տեղում ծանոթանալու և զբոսաշրջային ռեսուրսները գնահատելու նպատակով ուսանողներն այցելել են Արագածոտնի մարզ, հարցազրույցներ են անցկացրել համայնքների ղեկավարների և բնակչության հետ՝ պարզելու, թե այդ համայնքներում զբոսաշրջության զարգացման նպատակով ինչ քայլեր ու միջոցառումներ է անհրաժեշտ, և ինչ է հնարավոր ձեռնարկել։
Զբոսաշրջային նշանակության վայրերի զարգացման ծրագրերը մշակելիս ուսանողներն առաջնորդվել են ֆինանսական մեծ ներդրումներ չպահանջելու և համայնքի սեփական ուժերով զբոսաշրջությունը զարգացնելու սկզբունքներով։
Ոսկեվազ համայնքի զարգացման ծրագիրը մշակած ուսանողների խումբը նախատեսել է Ոսկեվազում կազմակերպել ելակի փառատոն, իսկ մյուս խումբը՝ քվեստ՝ Օշականում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին