«Արարատ» բանկի վարչության նախագահը բաց դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Արարատ» բանկի միջև համագործակցությունը բավական սերտ է և տարիների պատմություն ունի: Համագործակցության հերթական օրինակն այսօր էր. բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հյուրընկալվեց մեր համալսարանում և ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ հանդիպեց բանկային գործ մասնագիտության ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը, դեկաններ, մեծ թվով ուսանողներ:
Ողջունելով Աշոտ Օսիպյանին՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ բանկի հետ բուհի համագործակցությունը սկսվել է 2015թ.: Արդյունքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, բանկի կողմից համալսարանի ուսանողների համար պարբերաբար իրականացվում են վարպետության դասեր, որոնք, ռեկտորի հավաստմամբ, ամրապնդում են ուսանողների՝ համալսարանում ստացած գիտելիքները:
Աշոտ Օսիպյանն իր խոսքում նշեց, որ «Արարատ» բանկը ևս շատ է կարևորում բուհ-գործատու հարաբերությունները, նաև կրթված կադրերի պատրաստումը, ուստի որդեգրել է համագործակցության քաղաքականություն: Այնուհետև Աշոտ Օսիպյանը հանդես եկավ «Ապագայի բանկ» թեմայով դասախոսությամբ՝ անդրադառնալով առևտրային բանկերի վրա ազդող գործոններին, Մեծ Բրիտանիայի օրինակով ներկայացրեց վարկավորման կառուցվածքը, այլընտրանքային ֆինանսավորումը հիմնական շուկաներում, տեղեկատվական տեխնոլոգիաների ծախսերը, զարգացման հնարավոր ուղղությունները, վերափոխման գործընթացը, մանրամասնեց կրիպտոարժույթների վերաբերյալ իր մոտեցումները:
Դասախոսության ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը և Աշոտ Օսիպյանը բանկի կողմից վերապատրաստման դասընթացներին մասնակցած ուսանողներին հանձնեցին հավաստագրեր: ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր դասախոսության և համալսարանի հետ սերտ համագործակցության համար, իսկ ուսանողներին հորդորեց լավ սովորել՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական զարգացումը պահանջում է նոր հմտություններ, անընդհատական վերապատրաստում:
«Արարատ» բանկի վարչության նախագահն, ամփոփելով խոսքը, շեշտեց, որ մենք ապրում են արագ փոփոխությունների աշխարհում և կոչ արեց ուսանողներին կարևորել որակյալ կրթության ստացումը, որովհետև արդի փոփոխությունների կառավարումը միայն գիտելիքով է հնարավոր: «Եվ վերջում՝ որպես գործատու, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մեր բանկում» ,- ասաց Աշոտ Օսիպյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին