ՀՊՏՀ ՈՒԳԸ-ն կաջակցի շնորհաշատ ուսանողներին՝ զբաղվել հետազոտական աշխատանքով

20.10.2021
Դիտումների քանակ՝ 1403

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) 40-րդ՝ «ՀՀ տնտեսություն. մարտահրավերներ և առաջնահերթություններ» խորագրով նստաշրջանին ընդառաջ հոկտեմբերի 20-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ուսանողներն անմիջապես ՀՊՏՀ ռեկտորից և ՈՒԳԸ կազմակերպիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ողջունելով ուսանողներին և ընդգծելով հետազոտություններ կատարելու կարևորությունը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ տեղեկատվական հանդիպումն ուղղորդիչ դեր կունենա և կմոտիվացնի զբաղվելու հետազոտությամբ, մասնակցելու գիտաժողովների, հրապարակելու գիտական հոդվածներ։

«Մի՛ վախեցեք քննադատությունից, ընդհակառակը՝ եթե համաձայն չեք, պատասխանե՛ք այդ քննադատությանը, համարձա՛կ եղեք և մի՛ վախեցեք նաև սխալվելուց, որովհետև սխալներից կարելի է օգտակար դասեր քաղել»,- ասաց Դիանա Գալոյանը։

Ռեկտորը նաև հավելեց, որ լավագույն հետազոտությունները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, իսկ հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կունենան համագործակցելու ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ և հրապարակելու հոդվածներ նաև «Ամբերդ» տեղեկագրում։ Կլինի նաև նյութական խրախուսում՝ համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ևս ուսանողներին հորդորեց ավելի լրջորեն զբաղվել հետազոտական աշխատանքով, քանի որ ժամանակակից կրթությունն առանց հետազոտության՝ լիարժեք չէ։

«Հետազոտական հմտությունները ժամանակի ընթացքում պետք է զարգացնել հետազոտություններով, որոնք հետագայում կարող են դառնալ ձեր գործունեության հիմնական տեսակը, ուղղությունը՝ հետագայում ապահովելով նաև եկամուտ։ Հետազոտությունը նաև ինքնակրթության կարևոր բաղադրիչ է։ Այնպես որ, ի գո´րծ»,- կոչ արեց Թաթուլ Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ այս տարվա ՈՒԳԸ-ում հետազոտական կարողություններով օժտված և հետաքրքրություն ցուցաբերող ուսանողների պակաս բուհը չի ունենա, իսկ հաջողված հետազոտությունն իր հերթին խթան կհանդիսանա նորերի համար։

Ուսանողները ծանոթացան նաև ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուների հետ։ Վերջիններս, ըստ նախատեսված ժամանակացույցի, ուսանողների հետ կհանդիպեն հաջորդ շաբաթ.

  • Գայանե Ավագյան՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ, 302 լսարան)
  • Մարինե Առաքելյան՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին (կառավարման ֆակուլտետ, 207 լսարան)
  • Սրբուհի Իսրայելյան՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։30-ին (ֆինանսական ֆակուլտետ, 211 լսարան)
  • Նարինե Միրզոյան՝ հոկտեմբերի 29-ին՝ 13։30-ին (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 11 լսարան)
  • Մարիա Սահակյան՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 310 լսարան)
  • Անուշ Շիրինյան՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, 205 լսարան)

Նշենք, որ ՀՊՏՀ ՈւԳԸ 40-րդ՝ «ՀՀ տնտեսություն. մարտահրավերներ և առաջնահերթություններ» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը:

Նստաշրջանի մասին մանրամասներ կարող եք գտնել արդեն հրապարակված սույն հայտարարությունում: