«Ամբերդի» փոխտնօրենը ելույթ է ունեցել ուղեղային կենտրոնների առցանց միջազգային համաժողովում

Դիտումների քանակ՝ 3121

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. մայիսի 29-ին մասնակցել է ուղեղային կենտրոնների առցանց համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով: Այս մասին asue.am-ին հայտնեց Վարդան Աթոյանը՝ նշելով, որ այս համաժողովը կրում էր աշխատանքային բնույթ և նախապատրաստություն էր ս.թ. հունիսի վերջին կայանալիք 3rdGlobalVirtual Think Tank Town Hall համաժողովին, որը կազմակերպում է Փենսիլվանիայի համալսարանի TTCSP հաստատությունը (ԱՄՆ):

«Ինչպես գիտեք՝ այս տարվա ապրիլին և մայիսին մասնակցել էի Ուղեղային կենտրոնների առաջին և երկրորդ գլոբալ համաժողովներին, որոնք նվիրված էին COVID-19 համավարակի դեմ պայքարում ուղեղային կենտրոնների դերակատարության հարցերին և նոր իրականության մեջ ուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներին: Ձեզ հետ նախորդ զրույցում տեղեկացրել էի նաև, որ հունիսի վերջին նախատեսվում է անցկացնել այս թեմայով թվով երրորդ՝ ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում կհրապարակվի՝ ուղեղային կենտրոնների ղեկավարների մակարդակով ձևավորված աշխատանքային խմբերի մշակած առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի աշխարհի տարբեր երկրների կառավարություններին և միջազգային կառույցներին: Ինչպես խոստացել էի՝ «Ամբերդը» անմասն չէր մնալու նաև այս գործընթացից և այդ նպատակով ես ներգրավվել էի աշխատանքային խմբերից մեկում: Մեր խմբի նպատակն է մշակել երաշխավորություններ, որոնք կօգնեն ուղեղային կենտրոններին զարգացնել նոր գործառնական մոդելներ և առավել պատրաստ լինել ապագայի տարբեր սցենարներին: Մայիսի 29-ին կայացավ մեր աշխատանքային խմբի ամփոփիչ առցանց համաժողովը, որը համակարգում էր Իտալիայի միջազգային քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտը (Italian Institutefor International Political Studies)», -ներկայացրեց Վարդան Աթոյանը

Նշված համաժողովին մասնակցել են աշխարհի բազմաթիվ երկրների մի քանի տասնյակ առաջատար ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: «Հաշվի առնելով, որ իմ գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հենց ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրությունը՝ ինձ հրավիրել էին նաև հանդես գալու առավել ընդարձակ զեկույցով: Զեկույցով հանդես գալու համար հրավիրվել էին նաև Մեծ Բրիտանիայից՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի IDEAS ուղեղային կենտրոնի տնօրենՄայքլ Քոկսը(Michael Cox), Իսպանիայից՝ Միջազգային հարաբերությունների Բարսելոնայի կենտրոնի տնօրեն (CIDOB) Փոլ Մորիլասը (Pol Morillas) և ԱՄՆ-ից՝ Հազարամյակի նախագիծ (The Millenium Project) ուղեղային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջերոմի Գլենը (Jerome Glenn): Ինչպես տեսնում եք ելույթ ունեցողների կազմը չափազանց ներկայացուցչական է և ինձ համար պատիվ էր հրավեր ստանալ՝ ոչ միայն մասնակցելու այս համաժողովին, այլ, հատկապես, նման լսարանի առջև զեկույցով հանդես գալու հրավերի համար: Այս համատեքստում տեղին է հիշատակել, որ ընդամենը ամիսներ առաջ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի IDEAS հաստատությունը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշավորման զեկույցում ճանաչվել էր համալսարանական ուղեղային կենտրոնների մեջ աշխարհում լավագույնը»,- մանրամասնեց կենտրոնի փոխտնօրենը:

Նա նաև հայտնեց, որ համաժողովի ելույթում ինքն անդրադարձել է ստեղծված պայմաններում ուղեղային կենտրոնների գործունեության վրա ազդող արտաքին և ներքին գործոններին, ոլորտում ապագայում սպասվող փոփոխություններին և այս համատեքստում կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերին ու ռազմավարություններին: Վարդան Աթոյանի խոսքով, ելույթներից հետո մյուս մասնակիցների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, տեղի է ունեցել գաղափարների և կարծիքների փոխանակում:

«Այս ուղղությամբ հետագա աշխատանքների մասին տեղեկացնեմ, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մեր աշխատանքային խումբը պետք է մշակի համապատասխան զեկույց, որը պետք է ներկայացվի հունիսի վերջին նախատեսվող գլոբալ համաժողովում: Կարծում եմ ավելորդ է անդրադառնալ այն ռեպուտացիոն օգուտներին, որոնք մենք ստանում ենք ոլորտում նման բարձր մակարդակի միջազգային գործընթացներում ներգրավվածությունից և փորձելու ենք զարգացնել այս ուղղությամբ արձանագրվող հաջողությունները»,- եզրափակեց կենտրոնի փոխտնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին