«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեբինարին

Դիտումների քանակ՝ 1922

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. ապրիլի 23-ին մասնակցել է Արտաքին և պաշտպանական անվտանգության խորհրդի (ՌԴ) կողմից կազմակերպված՝ «Ինչու համավարակը այդքան արագ վերաձևեց աշխարհը» խորագրով վեբինարին:

Միջոցառմանմասին asue.am-ի հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց, որ քննարկման հիմնական բանախոսներն էին Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի (СВОП) նախագահության նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Յելի համալսարանի ավագ դասախոս Բորիս Կապուստինը, ռուսաստանցի գրող և գրականագետ Եվգենի Վոդոլազկինը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քաղաքական հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Շեստոպալը:

«Այսօր ամբողջ աշխարհում փորձագիտական հանրույթի ուշադրության կենտրոնում է գտնվում համավարակի հետևանքով ստեղծված տագնապալի իրավիճակը, դրա կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները, մասնավորապես մարդու, հասարակության, պետության, միջազգային կառույցների և տարբեր ինստիտուների վրա: Այդ առումով այս վեբինարը բացառություն չէր: Քննարկման հիմնական առանցքը հետհամավարակյան աշխարհի հնարավոր սցենարներն էին և դրանց հումանիտար, մշակութային, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական հետևանքները: Բանախոսների ելույթներից հետո հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում, տեղի ունեցավ կարծիքների և մտքերի փոխանակում: Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման քննարկում կազմակերպելու և ինձ հրավիրելու համար: Անշուշտ, վեբինարին մասնակցությունը անչափ օգտակար էր և աշխարհում ծավալվող քննարկումներին հաղորդակից լինելու շատ լավ հնարավորություն», - մանրամասնեց մեր գործընկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին