Առցանց կրթության տեխնիկային տիրապետելու անհրաժեշտ փորձ ենք ձեռք բերում. Գրիգոր Նազարյան
asue.am-ը շարունակում է ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանների հետ հարցազրույցների շարքը, որի միջոցով ներկայացվում է առցանց կրթության գործընթացը մեր համալսարանում: Այսօր մեր զրուցակիցը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանն է։ Նա ներկայացնում է ֆակուլտետում հեռավար կրթության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև հեռավար կրթության վերաբերյալ նկատառումներ ու դիտարկումներ։
-Պարոն Նազարյան, Ձեր ֆակուլտետում ինչպե՞ս է կատարվել անցումը դեպի առցանց կրթություն, և ինչպե՞ս կգնահատեք ուսանողության ակտիվությունը։
-Այս օրերին ստիպված եղանք կրթական գործընթացը համալսարանից տեղափոխել առցանց հարթակ, ինչը բավականին հետաքրքիր էր։ Մասնավորապես, թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների համար երևույթը նոր էր, ուստի առաջին շաբաթում պետք էր ադապտացվել, առցանց հարթակների տեխնիկական հնարավորություններին ծանոթանալ ու տիրապետել։ Դրանից հետո, դասացուցակներին համապատասխան, ինտենսիվորեն սկսվեց ուսուցումը։ Ապահովեցինք ուսանողության՝ միջինը 65-70 տոկոս մասնակցություն առցանց ուսուցմանը։ Մեր կողմից հիմնականում կիրառվում է ZOOM հարթակը, քննարկումների և լրացուցիչ հարցուպատասխանի համար ստեղծել ենք մի շարք առցանց խմբեր։ Ես ինքս հետևում եմ այդ խմբերի քննարկումներին և ուսանողներից եմ տեղեկանում բոլոր խնդիրների մասին, ձեռնարկում համապատասխան լուծումներ։ Առցանց կրթությունը պատշաճ կազմակերպելուն տեխնիկական առումով շատ աջակցեց մեր բուհի էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժինը, ինչի համար բաժնի աշխատակիցներին իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում։
-Ավարտական կուրսերում արդեն մեկնարկել են փորձառությունների առցանց պաշտպանությունները։ Ինչպե՞ս են ընթանում, և Ձեր կարծիքով հաջողվո՞ւմ է համակարգչի էկրանից այն կողմ գտնվող ուսանողին ըստ արժանվույն գնահատել։
-Այո, ապրիլի 22-ից մեկնարկեց փորձառության հաշվետվությունների ներկայացման գործընթացը։ Իհարկե, ի սկզբանե կար սուբյեկտիվ լինելու մտավախությունը։ Բայց նշեմ, որ մեր դասախոսները ունեն բարձր կարողություններ և մանկավարժական գրագետ մոտեցումների շնորհիվ կարողանում են հասկանալ՝ ուսանողը որքանով է տիրապետում տվյալ գիտելիքին։ Շատ դեպքերում բավական է միայն մեկ հարց տալ և պարզել՝ էկրանից այն կողմ գտնվող ուսանողը ի՞նչ գիտի կամ հակառակը։ Այսինքն, մեր հմուտ դասախոսները, կարծում եմ, կարողանում են շրջանցել տեխնիկայով միջնորդավորված հաղորդակցման առաջ բերած խնդիրները և օբյեկտիվորեն գնահատել ուսանողին։ Նույնը վերաբերում է նաև քննություններին, ավարտական աշխատանքների պաշտպանություններին և ցանկացած ստուգատեսի։ Պետք է նկատի առնել, որ կա փոխատեղման խնդիր, ինչը, առցանց կրթության դեպքում, մեզանից լրացուցիչ զգոնություն և հատուկ մոտեցում է պահանջում։
Ի դեպ, մշակվել և գործարկվել են նաև գնահատականի առցանց բողոքարկման մեխանիզմները։
- Ուսումնական գործընթացից զատ, հակիրճ խոսենք նաև այս օրերին ֆակուլտետի վարչական գործառույթների իրականացման մասին. դիմումների ընդունում, տեղեկանքների տրամադրում և այլն. այս գործառույթները և՞ս անխափան իրականացվում են։
-Այո, այն ինչ իրականացվում էր դեկանատում, փաստաթղթաշրջանառության հետ կապված, նույնպես լիովին տեղափոխվել է էլեկտրոնային տիրույթ։ Կա միասնական հարթակ, որտեղ ընդունվում են դիմումները, տրամադրվում են համապատասխան տեղեկանքները։
-Առցանց կրթությանն առնչվող ի՞նչ դիտարկումներ ունեք։
-Դիտարկումները շատ են ու բազմաշերտ։ Կնշեմ մի քանի կարևոր բան. իհարկե, համալսարանը և կենդանի շփումը իրենց անփոխարինելի տեղն ունեն։ Սակայն պետք է պատրաստ լինենք նաև սրան։ Նկատենք, որ աշխարհում այսօր թվայնացման միտում կա, նույնիսկ համաշխարհային տնտեսությունն է այսօր փոխակերպվում թվայինի։ Աշխարհի առաջատար համալսարաններում ևս առցանց կրթությունը արդիական երևույթ է։ Այնուամենայնիվ, այն դիտարկվում է որպես այլընտրանք և արդյունավետությամբ չի կարող չափվել լսարանային կրթության հետ։ Եվ վերջին շրջանում, թեև հարկադրաբար անցում կատարելով առցանց կրթության, այս ձևով աշխատելու, տեխնիկային տիրապետելու անհրաժեշտ փորձ ենք ձեռք բերում։ Պարուրվենք լավատեսությամբ և ակնկալենք, որ շուտով վերադառնալու ենք համալսարան՝ արդեն նաև զինված հեռավար կրթության փորձով։
Շնորհակալ ենք զրույցի համար։
Հավելենք, որ մեր նախորդ հարցազրույցները կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինչպես նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների դեկանների հետ կարող եք կարդալ ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին