ՀՊՏՀ մշակած մոդելային օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովում
Մայիսի 12-ին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՊՏՀ-ի ներկայացրած «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր (շրջակա) համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի նախագիծը միաձայն քվեարկությամբ և առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Նախագծի մշակմանը ներգրավված են եղել ՀՊՏՀ դասախոսներ՝ տ․գ․թ․, դոցենտ Ֆրիդա Բահարյանը և տ․գ․թ․, ասիստենտ Նադեժդա Աֆյանը։ Այս մասին asue.am-ին հայտնեց նախագծի ղեկավար, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ԱՊՀ երկրների համար մշակում և ընդունում է տարբեր մոդելային օրենքներ, ՀՊՏՀ-ի ներկայացրած մոդելային օրենքի հայտը հավանության էր արժանացել։
Միքայել Մելքումյանը նշեց, որ մինչ սույն նիստը՝ մարտի 24-ին, ՀՊՏՀ-ում օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել գիտագործնական սեմինար՝ ԱԺ պատգամավորների, փորձագետների, մասնագետների, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի քարտուղարության փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու Նատալյա Ամբուրցևայի մասնակցությամբ։ «Այս քննարկման արդյունքում ևս եղել էին որոշ առաջարկներ, որոնք ներառել էինք մեր նախագծում, և արդյունքում մեր ներկայացրած նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի հոկտեմբերին, որից հետո նախագիծը կուղարկվի ԱՊՀ բոլոր երկրներին։ Սա համարում եմ մեր աշխատանքի գլխավոր ձեռքբերումը»,- ասաց Միքայել Մելքումյանը։