Եզրափակվեցին առկա կրթաձևի ավարտական աշխատանքների պաշտպանությունները. ամփոփում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը

Դիտումների քանակ՝ 2411

Առկա համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների (ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր) պաշտպանությունները ՀՊՏՀ-ում այսօր ավարտվեցին: Ամփոփիչ ատեստավորման գործընթացը կշարունակվի հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ և կեզրափակվի հունիսի 20-ին:

Առկա կրթաձևի ամփոփիչ ատեստավորման գործընթացը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ամփոփեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

Ընդհանուր առմամբ գործընթացը բավարար գնահատելով՝ պրոռեկտորը նշեց, որ անձամբ է ներկա գտնվել մի քանի մասնագիտությունների պաշտպանություններին և դրական տպավորություն է ստացել: Դիանա Գալոյանն արձանագրեց նաև գործընթացում ի հայտ եկած թերությունները, որոնք, իր խոսքով, առաջիկայում կշտկվեն:

«Ավարտողների զգալի մասը հանդես եկավ ուշագրավ շնորհանդեսներով, գրագետ ներկայացավ, հանձնաժողովի անդամներն էլ հիմնականում լավ կարծիքներ էին հայտնում: Իհարկե, սա չի նշանակում, որ չկային թերություններ, սակայն նշենք, որ դրանք ավելի շատ համակարգային էին: Կարծում եմ, որ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի համար ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին և կառուցվածքին: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև գրագողության դեպքերի բացառումը, ԱԺ-ում էլ այս հարցն ուշադրության կենտրոնում է: Խնդիր կա նաև գրախոսությունների հետ կապված. դրանցում արված դիտողությունները մակերեսային են, ավելի շատ տեխնիկական բնույթի, ոչ բովանդակային: Արդեն նոր ուսումնական տարվանից այս ուղղություններով աշխատանք կկատարվի»,-ասաց պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ապրիլից սկսած անդրադարձել է առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների պաշտպանություններին, ներկայացրել հանձնաժողովի նախագահների կարծիքները, շրջանավարտների խոսքը:

Շնորհավորում ենք բոլոր ավարտածներին և կյանքի նոր փուլում մաղթում նպատակների իրագործում:

Առաջիկայում կլուսաբանենք նաև հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը:

Հ.Գ. Լուսանկարները՝ անցնող շաբաթվա պաշտպանություններից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին