Հայտագրվեց ՀՊՏՀ առաջին դիմորդը. բարի գալուստ տնտեսագիտական մայր համալսարան

Դիտումների քանակ՝ 4767

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առկա բակալավրիատի ընդունելությամբ մեկնարկել է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը: Այսօր առավոտյան հայտագրվեց ՀՊՏՀ առաջին դիմորդը՝ Հայկուշ Սարգսյանը:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը պատրաստ է հավուր պատշաճի կազմակերպել ընդունելությունը և դիմորդներին հիշեցրեց՝ աշխատում են ամեն օր՝ ներառյալ շաբաթ-կիրակի և տոն օրերը:

Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց առաջինը հայտագրված դիմորդի և նրա ծնողների հետ:

Հայկուշ Սարգսյանը Գորիսից է, ընդունելության մեկնարկի մասին տեղեկանալուն պես հայրիկի ու մայրիկի հետ շտապել է մայրաքաղաք՝ մեծ ու կարևոր նպատակի առաջին քայլն անելու: Ընտրել է վիճակագրի մասնագիտությունը և առանց վարանելու առաջին հայտը լրացրեց անվճար տեղի համար:

«Տնտեսագիտական համալսարանի մասին տեղեկություններ եմ կարդացել բուհի պաշտոնական կայքից, հետևում եմ ֆեյսբուքյան էջին: Առաջին տպավորություններս ՀՊՏՀ-ից շատ դրական են, ընդունող հանձնաժողովում ինձ շատ ջերմ ընդունեցին, բարյացակամորեն օգնեցին լրացնել հայտս (ես մի քիչ հուզված էի): Այսօր գտնվելով ՀՊՏՀ-ում՝ կարծես ընդունվելու ձգտումս ավելի մեծացավ, ավելի եմ շտապում դառնալ այստեղի ուսանողը: Հույս ունեմ՝ կկարողանամ բարձր միավորներով ընդունվել»,-ասաց մեր ապագա ուսանողը:

Դիմորդի հայրն էլ՝ Էդգար Սարգսյանը, հավելեց, որ դուստրն ինքնուրույն է ընտրել բուհն ու մասնագիտությունը, իրենք էլ ի սրտե խրախուսում են լավ ընտրությունը:

Ի գիտություն՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) «Դիմորդ» խորագրի ներքո բացվել է նոր բաժին՝ «ՀՊՏՀ ընդունելություն 2019-2020», որտեղ կարող եք գտնել ընդունելության ողջ գործընթացի մասին պարբերաբար հրապարակվող համապարփակ ու թարմ տեղեկություններ:

Հարգելի' դիմորդներ, բարի գալուստ ՀՊՏՀ, ձեզ մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին