«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» ՄՌԿ ղեկավարը ՀՊՏՀ մագիստրանտների համար հանդես եկավ դասախոսությամբ
ՀՊՏՀ և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում երեկ՝ ապրիլի 20-ի երեկոյան, տեղի ունեցավ մեր գործընկեր կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ հերթական հանդիպումը. ընկերության ՄՌԿ ղեկավար Աննա Բարսեղյանը դասախոսեց «Աշխատակիցների ներգրավվածություն. բաղադրիչները և ուսումնասիրությունը» թեմայով: Ունկնդիրները ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարում և գործարար վարչարարություն մասնագիտացումների մագիստրանտներն էին։
Աննա Բարսեղյանը պարզաբանեց մեծ ընկերություններում մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները, կառուցակարգերը, գործնական օրինակներով հարստացրեց ասելիքը։
«Աշխատակիցների ներգրավվածությունը նրանց մտավոր և հուզական կապի ուժգնությունն է աշխատանքի, թիմի և կազմակերպության նկատմամբ»,–բանախոսն այս ձևակերպումից բխեցրեց բարձր մոտիվացիայով աշխատելու անհրաժեշտությունը։ Գործնական գիտելիքից զատ, դասախոսությունը մի ուղերձ ուներ՝ սիրել աշխատանքն ու կատարել այն եռանդով։
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողների մասնագիտական գիտելիքն ամրապնդող նմանօրինակ հանդիպումները շարունակական են, իսկ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» հետ գործակցությունն արդյունավետ է, տարբեր մասնագիտությունների ուսանողների համար կազմակերպվող հանդիպումները՝ սպասված։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին