Միջազգային ամառային դպրոցն ընթացավ հաճելիի և օգտակարի արդյունավետ համադրմամբ

Դիտումների քանակ՝ 2935

«Անցումային տնտեսագիտության մարտահրավերները» (Challenges for Emerging Economy II) խորագրով երկրորդ միջազգային ամառային դպրոցը, որը մեկնարկել էր հուլիսի 15-ին այսօր անցկացնում է վերջին հագեցած աշխատանքային օրը: Արդի տնտեսագիտության զարգացման, համալսարանների միջազգայնացման, համագործակցության, փորձի փոխանակման համատեքստում հնգօրյա դպրոցը ուսանողներին, երիտասարդ գիտնականներին ու հետազոտողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու նորագույն գիտակարգերին ու հետազոտական մեթոդներին, արդի տնտեսագիտության պահանջներին: Դասախոսություններով հանդես եկան ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Լյուքսեմբուրգի համալսարանի երիտասարդ գիտնականներ Զարուհի Հակոբյանը, Անդրեյ Կոստիրկան, Դարյա Պուդովան, Պոլինա Կորոլյովան և Ռամիս Խաբիբուլինը: Մասնակիցները լսեցին նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսների դպրոցի դոցենտ Մադինա Կարամիշևայի «պատվավոր զեկույցը»՝ նվիրված պրուդենցիալ քաղաքականությանը և պարբերական ռիսկերին:

«Հուսանք, որ այս ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ավելի գործնական կիրառություն կստանան տնտեսագիտական ուսումնասիրություններում հիմնախնդիրների վերհանման և փաստահենք վերլուծությունների տեսանկյունից, կնախապատրաստեն ինչպես մեր համալսարանի երիտասարդ գիտնականների, այնպես էլ ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերի մասնագիտական նորանոր ձեռքբերումները: Վստահ եմ՝ Երևանը և մեր համալսարանի թիմը ջերմությամբ և հոգատարությամբ հյուրընկալեցին բոլորին և պատրաստ են սիրով ընդառաջ գնալու հաճելին օգտակարի հետ համատեղելու նոր նախաձեռնություններին»,– լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց դպրոցի կազմակերպական աշխատանքները համակարգող, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը:

Աշխատանային օրվա ավարտին ամառային դպրոցի շուրջ երեք տասնյակ մասնակիցները ստացան այն հաջողությամբ ավարտելու վկայականներ:

Ի լրումն տեղեկացնենք՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մեր գործընկերները ևս ամառային դպրոցի մասին լուր են տարածել իրենց կայքում. հղումը տե՛ս https://economics.hse.ru/io/news/298683737.html:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին