Հաստատվեցին հեռակա կրթաձևի և վերահանձնումների ժամանակացույցները

Դիտումների քանակ՝ 1773

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգը հագեցած էր ուսումնական գործընթացին վերաբերող հարցերով: Մինչ դրանց զեկուցումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ այսօրվանից սկսվել են գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման մրցույթները, որոնք անցկացվում են կարգին համապատասխան: «Քանի որ սա առանձնահատուկ և աննախադեպ գործընթաց է մեր համալսարանի համար, հնարավոր է՝ ընթացքում առաջանան կազմակերպական բնույթի խնդիրներ, և ռեկտորատի ներկայացուցիչները պարտավոր են տրամադրել ամփոփ և պատշաճ տեղեկատվություն»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը:

Այնուհետև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց օրակարգային հարցերը՝ հեռակա ուսուցման համակարգի՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման, 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի, ինչպես նաև 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերահանձնումների կազմակերպման ժամանակացույցները: Ռեկտորատը հաստատեց ներկայացված հարցերը, որոնք ներառված են սույն փաստաթղթում:

Օրակարգը սպառելուց հետո անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի, որոնց շարքում՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին ուղղված ուսանողների դիմումներին:

Ռուբեն Հայրապետյանը ռեկտորատի անդամների ուշադրությունը հրավիրեց քննական գործընթացի վրա՝ նշելով, որ դրանք պետք է իրականացվեն բարձր մակարդակով՝ լավ սովորող ուսանողները չպետք է տեխնիկական կամ կազմակերպական խնդիրների պատճառով դժվարությունների հանդիպեն: Պրոռեկտոր Դիանա Գալոյանն արձագանքեց, որ քննական գործընթացն իր վերահսկողության ներքո է, ընթացքն ու արդյունքները վեր են հանվում, ի հայտ եկած խնդիրները՝ լուծում ստանում:

ՀՊՏՀ ղեկավարը նաև հայտարարեց, որ ուսանողական էլեկտրոնային հարցումները շարունակվում են և թեև այս պահին կա շուրջ 80 տոկոս մասնակցություն, այդուհանդերձ որոշվել է գործընթացը մի քիչ էլ երկարաձգել: Հարցումներին մասնակցելու համար, սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք անցնեք հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին