Մեկնարկեց «Մեքենայական ուսուցում՝ տնտեսագետների համար» դասընթացը

Դիտումների քանակ՝ 1870

Բանկային գործունեության կազմակերպում մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Սարգսյանն արդեն մի քանի տարի է՝ խորամուխ է եղել ծրագրավորման մեջ և աշխատում է առաջատար ընկերություններից մեկում: Մագիստրանտը, իր փորձը ՀՊՏՀ-ականներին փոխանցելու նպատակով, արդեն երկրորդ անգամ «Մեքենայական ուսուցում՝ տնտեսագետների համար» (Machine Learning for Economists) խորագրով դասընթաց է վարում (առաջին դասընթացը, որի արձագանքը ոգեշնչեց Անդրանիկին, անցկացվեց այս ուստարվա 1-ին կիսամյակում): Առաջին դասի բացումն այսօր ազդարարեց նախաձեռնության կազմակերպիչ և աջակից ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը: Նա կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը արտալսարանային դասընթացներին, շեշտադրեց, որ մեքենայական ուսուցման մասին գիտելիքները շատ կարևոր են՝ հատկապես տնտեսագետների համար:

Մեզ հետ զրույցում երիտասարդ տնտեսագետ-ծրագրավորողն ասաց, որ նախաձեռնության նպատակն է ապագա տնտեսագետներին մեքենայական ուսուցման ընդհանուր մեթոդներին ծանոթացնելը:

«Գաղտնիք չէ, որ ծրագրավորմանը տիրապետող մասնագետներն այսօր ավելի մրցունակ են աշխատաշուկայում, բացի դրանից, մեքենայական ուսուցումը հնարավորություն է ընձեռում արագ խնդիրներ լուծել նաև տնտեսագիտության մեջ: Այս ամենը հաշվի առնելով ենք կազմակերպել այս սեմինարները, որոնք մասնակիցների մոտ ընդհանուր պատկերացում կձևավորեն մեքենայական ուսուցման վերաբերյալ»,-ասաց Անդրանիկը:

Դասընթացը բաղկացած է լինելու 6 մասից, լինելու է շաբաթական 1 հանդիպում, քննարկվելու են հետևյալ հարցերը՝ ի՞նչ է մեքենայական ուսուցումը և որո՞նք են նրա կիրառությունները, գծային ռեգրեսիայի մոդելը, գծային ռեգրեսիայի մոդելը (շարունակություն), ռեգուլյարիզացիա, մոդելների ընտրություն, դասակարգման մոդելներ, KNN մոդելը, որոշման ծառեր, լոգիստիկ ռեգրեսիայի մոդելը, նեյրոնային ցանցեր, Backpropagation ալգորիթմը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին