Լավ մասնագետների համար մենք պատրաստ ենք ստեղծել հավելյալ հաստիքներ. «Ինգո Արմենիա»-ի ղեկավարը հավաստագրեր հանձնեց ուսանողներին

Դիտումների քանակ՝ 3151

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ նորաբաց կենտրոնում երեկ տեղի ունեցավ հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Նրանց թվում էին ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի 18 ուսանողներ, որոնք մասնակցել էին ընկերության կողմից կազմակերպված վարպետության դասերին: Միջոցառմանը մեր բուհից մասնակցում էին բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը, արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը:

«Արդեն մի քանի տարի է՝ մենք ներդրել ենք վարպետության դասերի ավանդույթը, որի նպատակը ուսանողների հետ կապը ամրապնդելն է, նրանց պրակտիկ հմտություններ փոխանցելը, մեր ընկերության մասին պատմելը, մեր պահանջներն ու խնդիրները ներկայացնելը: Ես հուսով եմ, որ այս դասընթացները ձեզ շատ կօգնեն, և մենք էլ, կարևորելով դրանց անցկացումը, տարեցտարի ավելի շատ ուսանողներ ենք ներգրավում: Մեր ընկերությունը բոլորիդ համար ունի աշխատանքի առաջարկ, այնպես որ ցանկանում եմ, որ բոլորդ լավ սովորեք, քանի որ լավ մասնագետների համար մենք պատրաստ ենք հավելյալ հաստիքներ ստեղծել»,- դիմելով ուսանողներին՝ ասաց «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արևշատ Մելիքսեթյանը՝ հավելելով, որ իրենց ընկերությունը կարիերայի աճի լավ հնարավորություններ է ընձեռում:

«Ինգո Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Զառա Գրիգորյանը շնորհավորեց ուսանողներին, ապա շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին:

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը նախ շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրենին՝ իր ուրախությունը հայտնելով նման շրջանավարտներ ունենալու առթիվ (ընկերության ղեկավար Արևշատ Մելիքսեթյանը ՀՊՏՀ շրջանավարտ է), ապա կարևորեց գործատուների հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս համալսարանի ուսանողներին անմիջականորեն շփվել գործատուների հետ, ծանոթանալ նրանց պահանջներին, ձեռք բերել պրակտիկ փորձ:

Այնուհետև Արևշատ Մելիքսեթյանը ուսանողներին հանձնեց հավաստագրեր: Ընկերության ղեկավարը երկարատև և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագիր հանձնեց նաև Աննա Ասլանյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին