ՀՊՏՀ երկու ուսանող «Հյուրանոցային գործի կառավարում» դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն է ստացել
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը կայացած «Հյուրանոցային գործի կառավարում» թեմայով դասընթացին ՀՊՏՀ-ի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի համագործակցության շրջանակում անվճար մասնակցության հնարավորություն է ընձեռվել ՀՊՏՀ 2 ուսանողի: Դասընթացը կազմակերպվել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Ռազմավարական զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, որի նպատակը սպասարկման ոլորտը բարձրակարգ և պահանջարկին համապատասխան կադրերով ապահովելն է։ Ուսանողների ընտրությունը կատարվել է ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Արդյունքում, դասընթացին մասնակցել և հյուրանոցային գործի կառավարման հմտությունները յուրացնելու հնարավորություն են ունեցել ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ալիսա Գալստյանը և նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Ավագյանը։
Դասընթացը բաղկացած է եղել տեսական մասից և գործնական առաջադրանքներից: Գործնական հատվածում մասնակիցները հնարավորություն են ունեցել շրջայց կատարելու «Անի Գրանդ» հյուրանոցում՝ ավելի առարկայական ծանոթանալով հյուրանոցային գործի կառավարման հմտություններին։
10-օրյա դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագրեր են ստացել «Մեգերյան կարպետ» մշակութային կենտրոնում, շրջայց կատարել գորգերի թանգարանում և, իբրև դասընթացի վերջին ակորդ, մասնակցել հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի վարպետության դասին։
Ալիսա Գալստյանի գնահատմամբ՝ դասընթացը հնարավորություն է տվել հյուրանոցային գործի ոլորտում մասնագիտական խոր և համակողմանի գիտելիք ու կարողություններ ձեռք բերել։ «Հյուրանոցի բոլոր օղակների, դրանց արդյունավետ կառավարման, հյուրընկալության էթիկայի վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների մի ահռելի պաշար տրամադրվեց մեզ։ Խորությամբ ուսումնասիրելով հյուրանոցի յուրաքանչյուր բաժին` համոզվեցինք, որ դժվար ձեռք բերվող հաջողության գրավականը թիմային աշխատանքն է, նվիրումը, վստահելի ու հմուտ անձնակազմը, որն էլ ընթանում է կառավարչի նախանշած ուղիներով դեպի ընդհանուր նպատակ»,-նշել է Ալիսա Գալստյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները շարունակական բնույթ կկրեն՝ ճանապարհ բացելով դեպի հետաքրքիր ու բարդ հյուրանոցային ոլորտ։
Դասընթացը վարել են ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետ, «Անի Գրանդ» հյուրանոցի գլխավոր մենեջեր Մկրտիչ Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։