Տնտեսագիտական համալսարանը նախաձեռնել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց

Դիտումների քանակ՝ 1552

2019 թ. լրանում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թ. մայիսի 21-ի որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին 4 տարի ժամկետով շնորհված ինստիտուցիոնալ հավատարմագրման վավերականության ժամկետը, և ՀՊՏՀ-ն նախաձեռնել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց: Կազմակերպական հարցերի առնչությամբ այսօր հրավիրվեց ռեկտորատի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ռեկտորատի անդամներ, ամբիոնների վարիչներ և ստորաբաժանումների ղեկավարներ:

Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, բացելով ռեկտորատի ընդլայնված նիստը, նախ ներկայացրեց համալսարանի երկու նորանշանակ անդամներին՝ ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանին և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանին՝ հորդորելով կոլեկտիվին գործընկերային փոխգործակցության դրական մթնոլորտում համագործակցել նրանց հետ: «Մհեր Փարվանյանը, Պարույր Ջանգուլյանը, երկուսն էլ մեր ընդհանուր գործին, նպատակներին և գաղափարներին նվիրված մարդիկ են, ուստի առաջարկում եմ սերտ համագործակցել և աջակցել միմյանց»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Այնուհետև համալսարանի ղեկավարը նշեց, որ ՀՊՏՀ կողմից նախաձեռնված հավատարմագրումը համալսարանի առաջիկա ամենակարևոր գործընթացներից է և դրանում պետք է իրենց ակտիվ և պատասխանատու ներգրավվածությունն ունենան բոլոր ստորաբաժանումները:

Որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը ներկայացրեց աշխատանքների ընթացը, նշեց, որ այն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ որակի ներքին ապահովում, ներառյալ՝ ինքնավերլուծություն և ապա ներկայացում արտաքին գնահատման: Ներսես Գևորգյանը հանգամանալից ներկայացրեց ակնկալվող աշխատանքների բնույթը, առաջարկեց ակտիվորեն ներգրավվել գործընթացում:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողների մասին մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր հետևյալ հրապարակումից:

Համալսարանի ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, ևս մեկ անգամ անդրադարձավ դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման գործին՝ կրկին հորդորելով իսպառ բացառել թելադրությունների մեթոդով անցկացվող դասախոսությունները և պատշաճ ձևով ուսանողների մատուցել անհրաժեշտ ուսումնական նյութը: «Մեր վերջնական նպատակն այն է, որ ուսանողները ստանան բարձր որակի կրթական ծառայություն, և մենք մեր այս նպատակին հասնելու ենք: Բոլոր դասախոսները պետք է աջակցեն այս գործընթացին և թույլ չտան որևէ խախտում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին