Բարի գալուստ ՀՊՏՀ. հայտագրվեց ՀՊՏՀ առաջին դիմորդը

Դիտումների քանակ՝ 2956

Մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2018-2019 ուստարվա առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը: Հանձնաժողովի նախագահը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է, նախագահի տեղակալը՝ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, իսկ պատասխանատու քարտուղարը՝ Արա Մկրտչյանը:
Այսօր հայտագրվեց առաջին դիմորդը՝ Սմբատ Գրիգորյանը, Արարատի մարզի Վեդի քաղաքից:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Հակոբ Մանուչարյանը, խորհրդատուները և գործավարները սիրով ու հյուրընկալորեն ապահովեցին դիմորդի առաջին մուտքը մեր համալսարան, ստուգեցին փաստաթղթերը, պարզաբանեցին հայտագրման կարգը, նվիրեցին ՀՊՏՀ-ի մասին պատմող գրքույկ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սմբատն ասաց, որ իրեն առավելապես դուր են գալիս ֆինանսական մասնագիտությունները և հայտագրման թերթիկում աշխատել է այդ առաջնահերթությունը պահպանել, իսկ տնտեսագիտական համալսարանն ընտրել է՝ հաշվի առնելով, որ այստեղ ամենատարբեր ու նեղ մասնագիտացումներ կան:
Հակոբ Մանուչարյանի փոխանցմամբ՝ առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը կշարունակվի մինչև հունիսի 1-ը, ժամը 18.00-ն:
Նշենք, որ դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում, որը գտնվում է բուհի ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում: Հասցեն` Նալբանդյան 128, հեռախոս` 593 473: Աշխատանքային ժամերն են 9.00-ից մինչև 17.30-ը՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը: Առաջիկա տոնին՝ մայիսի 9-ին, հանձնաժողովը կաշխատի սահմանված կարգով, իսկ մայիսի 28-ի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ:
Հիշեցնում ենք՝ տնտեսագիտական համալսարանի դռները լայնորեն բաց են ուսումնատենչ, խելացի ու աշխատասեր բոլոր դիմորդների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին