«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՊՏՀ ղեկավարն ու հետազոտական կենտրոնի փորձագետը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
ՀՊՏՀ-ից խորհրդաժողովին մասնակցել են ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
Սամվել Ավետիսյանը խորհրդաժողովում հանդես է եկել «Ագրարային ոլորտի զարգացման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» զեկուցմամբ: Մեր խնդրանքով մեկնաբանելով միջոցառումը՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ սա «Ի՞նչ անել» խորագրով 2-րդ գիտագործնական խորհրդաժողովն է, որին մասնակցում էին գործարարների և գիտական հանրության ներկայացուցիչներ:
«Ըստ էության, բանախոսների գիտական հոդվածները նախապես հրապարակվել էին առանձին գրքով և խորհրդաժողովում ներկայացվում էին առավել կարևոր դրույթները: Իմ զեկուցման մեջ հիմնականում շեշտադրել եմ հայ-թուրքական սահմանի ռեժիմային տարածքում գտնվող գյուղերի զարգացման հիմնախնդիրները: Մասնավորապես, առաջարկել եմ վերանայել «ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթներ, որը հնարավորություն կտա սահմանամերձ գյուղերում մեղմել գործող սահմանափակումները և զարգացնել սահմանամերձ զբոսաշրջությունը: Ներկայումս, գործող օրենքով շուրջ 140 հազ. հա տարածք գտնվում է սահմանափակումների գոտում, որի պատճառով լիարժեք չի օգտագործվում: Առանձնահատուկ կարևորել եմ Շիրակի մարզի Նոր Շեն, նախկին Խարկով գյուղը, որտեղից շատ լավ է երևում պատմական Անի քաղաքը, ճանապարհի և դիտահարթակի կառուցման, ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի ափին հանգստի գոտու և սիրողական ձկնորսության զարգացման խնդիրները»,-ասաց Սամվել Ավետիսյանը:
Կենտրոնի պրոֆեսորի զեկուցումը կարող եք դիտել հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին