Քաղծառայողների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացի շրջանակում
Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացների շրջանակում հուլիսի 9-ից 16-ը ԱՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանում է աշխատել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հովիկ Գրիգորյանը: Մեր համալսարանից նրա գործուղումը կազմակերպել և համակարգել է շարունակական կրթության և կարիերայի բաժինը:
Հովիկ Գրիգորյանն այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում էր և հավաստիացրեց, որ արդյունավետ համագործակցություն է կայացել և՛ բովանդակային, և՛ կազմակերպական իմաստով, նա քաղծառայողների համար դասախոսել է «Բյուջեի կատարում», «Բյուջեի էություն», «Գանձապետական համակարգ», «Պետական ներդրումներ» թեմաներով: Վերապատրաստվող խմբերում ընդգրկված են եղել քաղաքացիական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնողներ, այդ թվում՝ բաժնի պետեր, վարչության պետեր, ԱՀ Կառավարության և Վերստուգիչ պալատի պաշտոնյաներ:
ՀՊՏՀ դասախոսը վերադարձել է շնորհակալագրով, որը նրան հանձնվել է քաղծառայության խորհրդի կազմակերպած դասընթացները ակտիվ ու հետաքրքիր վարելու և անմիջական մթնոլորտ ապահովելու համար:
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից մեզ տեղեկացրին, որ մինչև հուլիսի 21-ը նույն դասընթացի շրջանակում Արցախում աշխատելու է մեր մեկ այլ գործընկերը՝ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արմինե Սչանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին