ՀՊՏՀ-ում մեկնարկեց "StartUp-Project" միջազգային երիտասարդական մրցույթի աշխատաժողովը

Դիտումների քանակ՝ 1872

«Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) նախագծի շրջանակներում նոյեմբերի 12-14-ը ՀՊՏՀ-ում անցկացվում է "StartUp-Project" միջազգային երիտասարդական մրցույթը: Այսօր առավոտյան տեղի ունեցավ մրցույթի մեկնարկային հանդիպում-աշխատաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից: Ծրագրում ընդգրկված Սպառողների կոոպերատիվի բելառուսական տնտեսաարդյունաբերական համալսարանի (Բելոռուսիա) գործընկերները հանդիպմանը մասնակցում էին հեռավար կարգով:
ՀՊՏՀ-ից բացման արարողությանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ-ում HEIFYE նախագծի համակարգող Դիանա Գալոյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և բաժնի աշխատակիցները, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը:
Ներկաներին ողջունեց Դիանա Գալոյանը, նշելով, որ "StartUp-Project" միջազգային մրցույթը մեծ հետաքրքրության է արժանացել և այն լայն հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց բիզնես գաղափարները հանրայնացնելու, իրականացնելու, ստեղծագործելու և մտածելու տեսանկյունից: Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին, HEIFYE ծրագրի համակարգող Վիկտորիա Գրոսուլին և արտաքին կապերի բաժնի աշխատակազմին՝ մրցույթի կազմակերպմանը մեծապես աջակցելու համար:
Հյուրերին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով խոսելով մրցույթի կարևորության մասին՝ նշեց, որ նախագծի առաքելությունն է աջակցել, ինքնաարտահայտման հարթակ տրամադրել երիտասարդներին, որոնք ունեն թարմ գաղափարներ, ստեղծարար մտքեր և օգտակար առաջարկություններ: Պրոռեկտորի խոսքով՝ համալսարանների դերը կարևորվում է նաև երիտասարդների գաղափարների գեներացմանն աջակցելու համատեքստում:
Նախագծի համակարգող Վիկտորիա Գրոսուլն իր հերթին ջերմ հյուրընկալության և համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին, Դիանա Գալոյանին՝ պատրաստակամորեն և սիրով մրցույթի իրականացմանը օժանդակելու համար:
Այնուհետև հյուրերը եղան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակում, որտեղ, նախագծի շրջանակներում միջազգային համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումից հետո համալսարանի ղեկավարը հավաստագրեր հանձնեց նախագծի գործընկեր երկրների ներկայացուցիչներին՝ մասնակցության և երիտասարդական մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար:
Աշխատաժողովը շարունակվում է, այն կավարտվի այսօր ժամը 17.00-ին: Այսօր զեկուցումներ ու քննարկումներ կլինեն HEIFYE-ի շրջանակներում ստեղծվելիք բիզնես կենտրոնների հիմնադրման և "StartUp-Project" մրցույթի կազմակերպական հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 10-ին, ՀՊՏՀ դահլիճում կկայանա երիտասարդական մրցույթի հանդիսավոր բացումը: Մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:
Մրցույթի մասին մանրամասները կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին