«Ամբերդը»՝ աշխարհի համալսարանական ուղեղային կենտրոնների Top 100-յակում
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը Բրուքինգսի ինստիտուտից ստացված անհատական հրավերով ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ուղեղային կենտրոնների ոլորտում ամենահեղինակավորը համարվող՝ “Why Facts and Think Tanks Matter” միջազգային համաժողովին, որի ընթացքում ավանդաբար հրապարակվում է նաև Փենսիլվանիայի համալսարանի 2018 թ. աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման զեկույցը՝ “Go To Think Tank Index Report”: Ինչպես Վաշինգտոնից հաղորդում է մեր գործընկերը, Փենսիլվանիայի համալսարանի TTCSP-ի վարկանիշավորումը ուղեղային կենտրոնների ոլորտում համարվում է ամենահեղինակավորը, իսկ “Why Facts and Think Tanks Matter” համաժողովին հրավիրվում են ինչպես աշխարհի լավագույն տասնյակը ներկայացնող ուղեղային կենտրոնների ղեկավարները, որոնցից շատերը նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են, այնպես էլ՝ ոլորտի ճանաչված փորձագետներ։ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ տեղ է գտել ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշավորման զեկույցում։ Սակայն, այս տարվա զեկույցում «Ամբերդը» 2018 թվականի տվյալներով ոչ միայն բարելավել է իր դիրքերը վարկանիշավորման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջաներն ընդգրկող բաժնում, այլև հասել է աննախադեպ հաջողության՝ տեղ գտնելով աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը։ «Ամբերդը» Հայաստանի միակ համալսարական ուղեղային կենտրոնն է, որ տեղ է գտել վարկանիշավորման այդ բաժնում։ Ավելին, հետխորհրդային ամբողջ տարածքից «Ամբերդից» բացի ընդամենը երկու՝ ՌԴ-ն ներկայացնող հաստատություն է ընդգրկվել լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների ցանկում։ «Կարծում եմ՝ սա ոչ միայն մեզ համար աննախադեպ նվաճում է, այլև՝ նշանակալի ձեռքբերում Հայաստանի համար և արդյունք է ՀՊՏՀ ղեկավարության աջակցությամբ վերջին տարիներին այս ուղղությամբ «Ամբերդի» իրականացրած համալիր, մեծածավալ և հետևողական աշխատանքի։ Անշուշտ, ուրախալի և պարտավորեցնող է, որ ընդամենը 6 տարվա պատմություն ունեցող կենտրոնը նման արդյունք է գրանցում։ Օրինակ, նշեմ, որ աշխարհի լավագույն կենտրոններից շատերը արդեն շուրջ մեկդարյա պատմություն ունեն։ Միաժամանակ այս արդյունքը ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում «Ամբերդը» միջազգայնացման ուղղությամբ հաշվարկված, թիրախային և արդյունավետ աշխատանք է իրականացնում։ Բնականաբար, հաջորդ տարիներին կփորձենք գլոբալ վարկանիշավորման զեկույցում առնվազն պահպանել ներկայիս արդյունքը, իսկ հնարավորության դեպքում՝ ինչու ոչ, կաշխատենք նաև էլ ավելի բարելավել մեր դիրքերը։ Բայց եկեք իրատես լինենք ու փորձենք նախ և առաջ ամրապնդել ու իրապես արժևորել այս գործնական, չափելի և պաշտոնապես արձանագրված հաջողությունը։ Հավելեմ, որ այս հրավերը օգտագործում եմ նաև՝ Վաշինգտոնում գտնվող աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և «Ամբերդի» հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար»,- փոխանցում է Վարդան Աթոյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին