«Միներվա» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն

Դիտումների քանակ՝ 1953

ՀՊՏՀ-ն ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva)» ծրագրի անդամ է, և դրա շրջանակում իրականացնում է գիտահետազոտական ոլորտի ինքնավերլուծություն: Այսօր համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի ներքին աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ ինքնավերլուծության իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Մասնակցում էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, որակի ապահովման բաժնի պետ, նշված ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, խմբի անդամներ (այդ թվում՝ ուսանողներ և ասպիրանտներ):

Քննարկման մասնակիցներին ողջունեցին Թաթուլ Մկրտչյանը և Ներսես Գևորգյանը, ապա նախանշեցին խմբի անելիքները, աշխատանքի սկզբունքները, առաջիկա միջոցառումները:

asue.am-ի հետ զրույցում Ներսես Գևորգյանն ասաց, որ ինքնավերլուծությունը պետք է համապատասխանի Հետազոտողների եվրոպական խարտիայի 40 չափանիշներին, ապա հավելեց՝ այն բխում է ՀՊՏՀ ռազմավարությունից: Իսկ արդյունքները պետք է ներկայացնել EURAXESS-ի (համաեվրոպական հետազոտողների հարթակ) քարտուղարություն: Արդյունքում նախատեսվում է անդամակցել EURAXESS-ին, ստանալ գերազանցության աստիճան:

Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Հիշեցնենք, որ «Միներվա»-ն ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ծրագիրը համակարգում է Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին