ՀՊՏՀ գիտնականը Չինաստանում մասնակցել է միջազգային աշխատաժողովի

Դիտումների քանակ՝ 2046

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը Չինաստանում մասնակցել է «Հումանիտար համագործակցությունն ու փոխգործակցությունը մշակութային ինդուստրիայում «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում» միջազգային աշխատաժողովին: ՀՊՏՀ գիտնականը նշված միջոցառմանը մասնակցել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի անհատական հրավերով: Հագեցած և բովանդակային միջոցառումը նշանավորվել է նաև ձեռքբերումներով, ինչի մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին վերադարձից հետո պատմեց Վարդան Աթոյանը:
Նրա խոսքով՝ միջոցառմանը հրավիրվել են եվրասիական տարածքի 12 երկրի պետական կառավարման ոլորտի և ակադեմիական շրջանակների ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ: Աշխատաժողովի թեման ընդգրկուն էր և արծարծում էր երկրների միջև «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները:
Այցելությունը չի սահմանափակվել բացառապես աշխատաժողովին մասնակցությամբ: «Պետք է ընդգծեմ, որ Չինաստանի իմ գործընկերների հետ քննարկումների ընթացքում նախնական համաձայնություն է կայացվել համագործակցության հուշագիր կնքել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Չինաստանի ամենահեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկի՝ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ: Հուշագիրը նախատեսելու է ակադեմիական փոխանակումներ, համատեղ գիտական միջոցառումների ու հետազոտությունների իրականացում: Ներկայումս աշխատանքներ են տարվում հուշագրի պատրաստման ուղղությամբ: Հուսանք ամեն ինչ բարեհաջող ընթացք կստանա, և մեր համագործակցությունը ոչ միայն իրավական տեսք կստանա, այլ նաև կիրագործվի գործնականում: Հաշվի առնելով, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան ոչ միայն Չինաստանում, այլև՝ միջազգային ամենահեղինակավոր վարկանիշավորման համակարգերում դասվում է աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների շարքին՝ սա միջազգային համագործակցության ոլորտում աննախադեպ է հաջողություն կլինի մեր համալսարանի համար: Մասնավորապես Փենսիլվանիայի համալսարանի կողմից 2018 թ. հրապարակված ուղեղային կենտրոնների վարկանիշավորման աղյուսակում աշխարհի շուրջ 8000 ուղեղային կենտրոնների շարքում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան 39-րդ է»,- մանրամասնեց Վարդան Աթոյանը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեր համալսարանի, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կապերը Չինաստանի գործընկեր հաստատությունների հետ հետևողականորեն զարգանում են: Մասնավորապես, 2016 թ. ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Շենսիի մանկավարժական համալսարանի հետ, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իր հերթին 2017 թ. հուշագիր է կնքել վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ: Իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Հայաստանում ՉԺՀ դեսպանության օժանդակությամբ մեր համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Չինաստանի լսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին